ԿարևորՀասարակություն

Ամենաշվայտը Երեւանն է, ամենախնայողը՝ Շիրակը. բյուջետային կատարողականի քննարկումները ԱԺ- ում

arminegevorgyan

Երևանի քաղաքապետարանը 2014 թ 20 միլիոն դրամի կոնյակ է  գնել, 400 հազար դրամանոց արծաթե բաժակներ նվիրել մայրաքաղաքի հյուրերին` Երեւանի տարիքը խորհրդանշող՝ «Էրեբունի-Երևան 2796» խորհրդանշով: Խորհրդարանում  այսօր  մարզպետարաններն ու Երևանի քաղաքապետարանը ներկայացրել են պետական  բյուջեի իրենց կատորողականները: Ի դեպ՝ առաջին անգամ Կոտայքի բյուջեի կատարողականը ներկայացրել է  նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանը։ Նա լրագրողների հետ զրույցում հերքել է  այն լուրերը, թե ինքը մարզպետ է նշանակվել Գագիկ Ծառուկյանի միջամտության արդյունքում:   

Ազգային ժողովում մարզպետարաններն ու Երևանի քաղաքապետարանը  ներկայացնում էին իրենց  մեկ տարվա կատարած աշխատանքները. ինչպես են բաշխել բյուջտային գումարները, որքան են տնտեսել: Պարզվեց, որ իրենցից անկախ մոտ 100 մլն դրամ տնտեսել է Շիրակի մարզը ,որը, ի դեպ, համարվում է Հայաստանի ամենաաղքատ մարզը։ Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝  այս մարզում աղքատության  ցուցանիշը կազմում է 47.7 տոկոս:

Գյումրին տեխնոպարկ  դարձնելու, տեքստիլ արդյունաբերության վերակենդանացման հնարավորության մասին Շիրակի մարզպետին  հարց  է  ուղղում ԲՀԿ –ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Մարզպետ Ֆելիքս  Ցոլակյան  էլ նշում է, որ Գյումրիում արտադրվածը պետք է մրցունակ լինի, որպեսզի իրացման խնդիր չլինի  և օրինակ է բերում Թուրքիային. այնտեղ գործում է մոտ 40 հազար տեքստիլ ձեռնարկություն,որոնք արտադրում են էժան և որակով արտադրանք։

Իսկ ահա Երևանի քաղաքապետարանը շատ շռայլ է եղել իր ծախսերում. քաղաքապետարանի բյուջեից շուրջ 30 միլիոն դրամի կոնյակ ու մոտ 1.5 մլն դրամի թանկարժեք կոնյակի բաժակներ են  նվիրել մայրաքաղաքի հյուրերին` Երեւանի տարիքը խորհրդանշող՝ «Էրեբունի-Երևան 2796» խորհրդանշով եւ հոբելյանական լոգոյով:

Լրագրողներն այդ առնչությամբ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանից հետաքրքրվեցին՝ անիմաստ ծախսեր ինչո՞ւ եք անում։ Արեյանը հավաստիացրեց ,որ քաղաքապետարանի բոլոր ծախսերը հիմնավորված են, և քաղաքապետարանում բյուջեն չեն  կազմում են աչքաչափով:

Երևանի բյուջեն  առավել նպատակային ծախսելու հարց բարձրացրեց  ԲՀԿ  խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ  Էրեբունի- Երևան տոնակատարություն վրա  այդքան գումարներ ծախսելու փոխարեն լավ կլիներ վերելակների հարցը լուծեր. «Քանի  մարդ դեռ պետք է մահանա, քանի ճակատագիր դեռ պետք է խեղվի, որպեսզի մենք սա համարենք ռազմավարական խնդիր ու գումարներ ուղղենք»,- ասաց նա։

Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն արձագանքելով նշեց, որ իրենց հայտնի է այս իրավիճակը և Ն.Զոհրաբյանը նորություն չի ասում, բայց՝ «իհարկե գույների խտության տարբերություն կա»։

«Իսկապես մեր վերելակային տնտեսության ամբողջ պարկը տարիքային առումով, այո, ֆիզիկական մաշվածություն է ապրել, նաև որոշակի առումով բարոյական մաշվածություն ունի: Հետևյալն է  իրավիճակը. Բոլորիս հայտնի է  իրավական կարգավիճակը, վերելակը համարվում է բաժնային սեփականություն այդ բազմաբնակարան շենքում ապրող բնակիչների համար: Վերելակի պահպանումն ու շահագործումը համարվում է պարտադիր նորմերի կատարում հենց համատիրության կողմից: Այսինքն՝ իրավական առումով բաժնային սեփականատերը բնակիչն է, շահագործման նորմերի պատասխանատուն շենքի կառավարման մարմինը՝ համատիրությունը»,- թվարկեց Կամո Արեյանը:

Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց՝ խոսում ենք բացարձակապես շարքից դուրս եկած վերելակների մասին.«Դիակի վրա պահպանման ծախսեր կատարելը, կարծում եմ, բացարձակապես անօգուտ է»:

«Կարկուտը ծեծած տեղն է ծեծում» ժողովրդական խոսքին ապավինեց ԲՀԿ ական պատգամավոր Միքայել  Մելքումյանը և հարց  ուղղեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին հակակարկտային կայանների հետ կախված՝ նշելով, թե  քանի կայան  են պատրաստվում այս տարի տեղադրել։ Մարզպետը նշեց՝ մարզում գործում է 174 հակակարտային կայան, վերջերս 4- ը տեղադրել են  ու հինգն էլ  պատրաստվում են տեղադրել մոտակա օրերին։

Նկատենք, որ  մարզպետերին  հարցեր շատ քիչ ուղղեցին, եղան նաև մարզպետեր, որոնց ոչ մի հարց չուղղեցին:

Անկախ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը  մինչ քննարկում  հնչեցրեց ավանդական հարցերը, թե ո՞ւր են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  և Սյունիքի մարզպետ  Սուրիկ Խաչատրյանը: Նիստը նախագահող ՀՀԿ- ական Գագիկ Մինասյանը  նշեց, որ Տարոն Մարգարյանը գտնվում է Սանկտ Պետերբուրգում, հետևաբար՝ չէր կարող մասնակցել այս քննարկումներին:

«Այս քննարկումներն ամենահետաքրքիրը Տարոն Մարգարյանի համար են անցնում, որովհետև նա այդ օրերին մեկ Երուսաղեմում է, մեկ Պետերբուրգում, մեկ էլ Բադեն Բադենում: Տպավորություն է, որ նա փորձում է այս օրերին հնարավորինս հեռու լինել Հայաստանից, հատկապես՝ ԱԺ շենքից»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը։

Նկատենք, որ 2014թ.  Կոտայքի մարզի  Բյուջեի կատարողական հաշվետվությունը ներկայացրեց նորընտիր մարզպետ,  ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի փեսան` Կարապետ Գուլոյանը, ով  լրագրողների խորհուրդ էր տալիս իրեն քաղաքական հարցեր չտալ, քանի որ ինքը ապաքաղաքականացված է և որևէ կուսակցական պատկանելություն չունի։

Ցուցադրել ավելի
Back to top button