Մինչեւ տարեվերջ կգործարկվի Ստեփանավանի օդանավակայանը, Կապանինի ժամկետը դեռ պարզ չէ


Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկել են անցյալ տարվա բյուջեի կատարման հաշվետվություններն ու քննարկումները: Այս ձեւաչափով աշխատանքը տեւելու է մեկ շաբաթից ավելի: Ոլորտային առաջին քննարկման առանցքում էին արտակարգ իրավիճակները, ներքին գործերը, ազգային անվտանգությունը, իսկ պաշտպանության ոլորտի քննարկումները, ինչպես միշտ, դռնփակ են։
Այսօր առավոտյան հանրապետության վարչապետի հետ ԱԺ էին եկել ոլորտների գրեթե բոլոր պատասխանատու նախարարներն ու ծառայությունների ղեկավարները, բայց օրվա երկրորդ կեսին, երբ վարչապետն արդեն գնացել էր ու սկսվելու էին կատարված ծախսերի ոլորտային քննարկումները, հաշվետվություններն արդեն ներկայացնում էին տվյալ ոլորտների երկրորդ կամ երրորդ դեմքերը: Այս փաստը կրկին զայրացրել է պատգամավորներին։
Ըստ նախապես հաստատված օրակարգի՝ այս նիստին պետք է ներկա լինեին տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը: Հարգելի բացակայությունը թերեւս Արմեն Երիցյանինն էր՝ նա ուղեկցում է հանրապետության նախագահին Արագածոտնի եւ Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում:
Այսօրվա նիստից կարելիէ առանձնացնել հասարակությանը հուզող երկու հարց՝ հակակարկտային կայանների աշխատանքն ու «Տարածաշրջանում հումանիտար կենտրոնի» ստեղծումը, որի շրջանակներում շահագործման կհանձնվեն Ստեփանավանի եւ Կապանի օդանավակայանները:
Այսօր Հայաստանում գործում է 608 հակակարկտային կայան, բայց այդ թիվն անհրաժեշտից 8 անգամ պակաս է: Արդյունավետության առումով անհրաժեշտ է ունենալ եւս 5100 կայան: ՀՀ-ում տարեկան շուրջ 120 միլիոն դոլարի բերք է փչանում կարկուտից եւ ցրտահարությունից: Այստեղից առաջ է գալիս «անելանելիության հոգեբանական վիճակ», ինչի մասին խոսեց պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Խնդրի գլոբալ լուծումը ինստիտուցիոնալ է, ասում է Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը, թվարկելով՝ ապահովագրություն, կայուն եկամուտ, գնային քաղաքականություն եւ այլն:
Մարզերի բնակիչներին հուզող մյուս խնդիրը վերաբերում է Ստեփանավանի եւ Կապանի օդանավակայանների շահագործմանը: Սա նույնպես իրականացվելու է ռուսական կողմի հետ եւ անցյալ շաբաթ արդեն կնքվել է համապատասխան համաձայնագիրը: Ստեփանավանում օդանավակայանը, հավանաբար, կսկսի աշխատել այս տարեվերջից, Կապանի օդակայանի գործարկման ժամկետների մասին ոչինչ դեռ պարզ չէ: Այս ամենը՝ մեծ տարածաշրջանային ծրագրի մի մաս է, ասում է Վաչե Տերտերյանը: