Տնտեսական

Երիտասարդները կառավարությունից պահանջում են չթանկացնել էլեկտրաէներգիայի սակագինը

sonahakobyan
Նիկոլ Աղբալյան ուսանողական միության երիտասարդներն այսօր հավաքվելով կառավարութան շենքի դիմաց՝ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Երիտասարդները պահանջում էին համապատասխան ուսումնասիրություններ անցկացվել  ՀԷՑ-ում և կասեցնել էլեկտրաէներգիայի սակագնի հերթական անհիմն թանկացումը: Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումից բողոքող երիտասարդներին կառավարության շենքի դիմաց դիմավորել է կառավարության նամակների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը և խոստացել իրենց դիմումը փոխանցել հասցեատիրոջը:

 

 

«Ոչ էլեկտրաէներգիայի թանկացմանը» այսպիսի կոչով  և համապատասխան պաստառներով այսօր Նիկոլ Աղբալյան ուսանողական միության երիտասարդները կառավարությունից պահանջում էին կասեցնել էլեկտրաէներկիայի սակագնի թանկացումը և անհապաղ ուսումնասիրություններ անցկացնել Հայաստանի Էլեկրական ցանցերում: Երիտասարդները համապատասխան դիմումում ներկայացրել էին իրենց իսկ կողմից կատարված ուսումնասիրությունները, ըստ որոնց էլեկտրաէներգիան այս տարիների ընթացքում թանկացվել է անհիմն:

Նիկոլ Աղբալյան ուսանողական միության ակտիվիստը թվարկեց նաեւ 2012-ի, 2013-ի եւ 2014-ի թանկացումները ու նկատեց, որ այդ տարիների ընթացքում ոչ միայն պարտքերը չեն մարվել, այլև այսօր նոր թանկացումների շեմին ենք կանգնել: Իսկ ամենակարևորն այն է, որ այս տարիների ընթացքում պարտքերը մարելու փոխարեն ընկերությունը  գումարներն ուղղել է աշխատակազմի ճոխ ծախսերն ապահովելուն:

ՀԷՑ-ը ճոխություններ է շռայլել նաև քաղաքի կենտրոնում աշխատակիցների համար բնակելի տարածքներ վարձակալելիս, նշեց ակտիվիստը: Պահանջ-նամակն ընթերցելուց հետո երիտասարդներին մոտեցավ կառավարության նամակների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը:

Ալեքսանդր Ղազարյանը խոստացավ վարչապետին ուղղված նամակը  հանձնել հասցեատիրոջը: Երիտասարդները հեռացան կառավարության շենքի մոտից՝ իրենց հերթին խոստանալով հարկ եղած դեպքում վերադառնալ և էլեկտրաէներգիայի անհիմն թանկացման դեմ պայքարել մինչև վերջ:

Ցուցադրել ավելի
Back to top button