ԿարևորՏնտեսական

Ատոմ Ջանջուղազյան.Հայաստանի պետական պարտքը դեռ ռիսկային դաշտում չէ (լրացված)

lusinevasilyan

Կառավարության անդամները, Կենտրոնական բանկի նախագահը վարչապետի գլխավորությամբ այսօր Ազգային ժողովում էին՝ ներկայացնելու նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականը, սակայն քիչ անց վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռացել է՝ բյուջեի թվային ցուցանիշների ներկայացումը թողնելով ֆինանսների փոխնախարար, Հանրապետության գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին:

Բյուջե 2014-ի կատարման հաշվետվության քննարկման առանցքում այսօր պետական պարտքի հարցն էր: Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ  Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ 2014թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի պարտքը կազմել է 4 մլրդ 441.5 մլն դոլար:  Սա, ըստ կառավարության ներկայացուցչի, մտահոգիչ ցուցանիշ չէ և Հայաստանը դասում է արտաքին պարտքի նվազ բեռ ունեցող երկրների շարքին: Այդ դեպքում որ կետից է Հայաստանի համար արտաքին պարտքը դառնում մտահոգիչ՝ հետաքրքվում է   ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը :

«Թե ինչքանո՞վ է պարտքը վտանգավոր, գնահատվում է որոշակի չափորոշիչների հիման վրա: Ընդունված է, որ արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը երբ գերազանցում է 60%-ը, դառնում է կառավարման ու կայունության տեսակետից ռիսկային: Մեր պարտքը դեռևս գտնվում է կառավարելի մակարդակում: Հայաստանը գնահատվում է որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր»,- ասաց փոխնախարարը:

Հայաստանի դեպքում արտաքին պարտքը ՀՆԱ-ի 60%-ին  առայժմ չի հասել: Այս առումով ի դեպ երկու ցացանիշ է նշվում: Կառավարության հաշվարկով պետական պարտքը կազմում է Համախառն ներքին արդյունքի 39, իսկ ըստ ԿԲ եզրակացության ՝ 46.6  %-ը, քանի որ հաշվարկվում է  արտարժութային կուրսի հիման վրա:  ԿԲ-ը բյուջե 2014-ի  իր  եզրակացության  մեջ նշել է, որ պարտք/ՀՆԱ ցուցանիշն ավելացել է   նաև դրամի արժեզրկման արդյունքում, իսկ այսօր ԿԲ նախագահ Արսեն Ջավադյանը խորհրդարանում հայտարարեց, որ պարտքի չափն ամենևին մտահոգիչ չէ, եթե այն  ճիշտ է կառավարվում: «Եթե խնդիրները լուծվում են, մտահոգվելու խնդիր չկա: Եթե կայուն պարտքի սպասարկում ունես, որևէ խնդիր այստեղ չեմ տեսնում»:

2015-ի  բյուջեում դոլարի  փոխարժեքը  սահմանված է 411 դրամ , բայց այսօր  դոլարի հաշվարկային փոխարժեքն 470 դրամի շրջակայքում է: Այս տարբերությունն ինչպես է ազդելու արտաքին պարտքի սպասարկման վրա ՝ ԿԲ նախագահից հետաքրքվում էին պատգամավորները: Ջավադյանը մանրամասնեց, որ   արտաքին պարտքը  կառավարությունը սպասարկում է բյուջեում սահմանված փոխարժեքի ցուցանիշով, իսկ տարբերության ռիսկը կրում է Կենտրոնական բանկը: Խոսելով դրամի՝ տարեվերջյան արժեզրկման մասին , Ջավադյանը նշեց, որ բանկային համակարգը լուրջ ցնցում է ապրել, բայց  հաղթահարել է այն: Իսկ  ճգնաժամային  45 օրվա ընթացքում բանկային արտահոսքն այնքան լուրջ թիվ է կազմել, որ ԿԲ նախագահը նախընտրեց չհրապարակել այն:

«Մենք այսօր, ինչպես 2009-ին,  չունենք որևէ բանկ, որը խնդիր ունի հաճախորդների հետ, չունենք որևէ բանկ, որն ունակ չէ կատարել իր պարտավորությունները: Բայց 45 օրվա ընթացքում մենք բավական լուրջ արտահոսք ենք ունեցել, այսօր արդնե ունենք դանդաղ, բայց կայուն աճ՝ վարկերի, հաշիվների, դեպոզիտների: Իհարկե աճի տեմպերը նունը չեն, օրինակ վարկավորման դեպքում: Բայց  մենք 45 օրվա ընթացքում լուրջ արտահոսք ենք ունեցել, չգիտեմ այդ թիվը պետք է հրապարակել թե ոչ»:

Գալով Բյուջե 2014-ի ցուցանիշներին՝ նշենք, որ ընդհանուր առմամբ պատկերն այսպիսին է: Տնտեսական աճը կանխատեսված 5,2 -ի փոխարեն կազմել է  3,4 %: Կառավարությունն այս անկումը բացատրում է արտաքին պահանջարկի աճիօ տեմպերի դանդաղմամբ, փոխարժեքի արժեզրկմամբ և Տրանսֆերտների նվազմամբ: 2014-ին արձանագրվել է  4,6% գնաճ։ Գործազրկության ցուցանիշն  աճել է 1,4 տոկոսով՝ հասելով 17,6 -ի։ Չնայած տնտեսական ակտիվության նվազմնը,  ոչ թե թերակատարվել, այլ գերակատարվել են բյուջեի եկամուտներն ու ծախսերը. Նախատեսվածից ավելի շատ գումար է հավաքվել ու ավելի շատ ծախսվել: Մասնավորապես, եկամուտները նախատեսվածից ավելի  են 53, ծախսերը 95 մլրդ-ով: Թե տնտեսական աճի ինչ ակնկալիք կա ընթացիկ տարվա համար, կառավարության ներկայացուիչները քննարկման ժամանակ չմանրամասնեցին, իսկ ահա քննարկման ավարտից հետո ֆինանսների նախարար Գագիկ խաչատրյանը հետևյալ դիտարկումն արեց, հարցի վերաբերյալ, թե երբ է քաղաքացին զգալու տնտեսական աճի հետևանքները:

«Իրոք, բարդ խնդիր է, թե քաղաքացին երբ կզգա: Մենք գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ քայլեր պետք է անենք, ամբողջ աշխարհում փոքր ու միջին ձեռնարկություններն են, որոնք մեծ զբաղվածություն են ապահովում և ՀՆԱ-ի մեծ մասը: Այն քայլերը, որոնք իրականացնելու համար կառավարությունը ջանքեր է թափում, պետք է արվեն, որպեսզի ամեն մի քաղաքացի զգա: Կախված է նրանից, թե մենք ինչ զարգացումներ կունենանք, անցած տարի մենք կարո՞ղ էինք ասել, թե ինչ զարգացումներ կլինեին մեր հարևան երկրներում: Հիմա դժվար է ասել, դա կախված է տնտեսական զարգացումներից և կառավարության այն ջանքերից, որ պետք է կարողանանք ստեղծել։

Այդ դեպքում  ինչու է ավելացել փակվող փոքր ընկերությունների, խանութների թիվը:

«Փակվողներ էլ կան, բացվողներ էլ: Եթե ես իմ բիզնեսը ծրագրավորում եմ նրանով, որպեսզի կարողանամ հարկեր քիչ վճարելով՝ բիզնեսը շարունակեմ, բնական է կփավեմ: Խաղի կանոններ են փոխվում , դրա համար էդ գործընթացների մեջ կլինեն և փակվողներ, և բացվողներ»:

Բյուջե 2014-ի կատարման հաշվետվությունն ըստ ոլորտների քննարկվելու է ընթացիկ ողջ շաբաթվա ընթացքում:

 

Ցուցադրել ավելի
Back to top button