Քաղաքագետ.Հայաստանը գագաթնաժողովից ստացավ այն, ինչն ակնկալում էր


Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ Ռիգայի գագաթնաժողովը աշխարհաքաղաքական առումով ընակալելի դարձրեց Հայաստանի դիրքորոշումը: Ամփոփելով եվրոպական սպասված համաժողովի արդյունքները ` փորձագետն արձանագրում է, որ Հայաստանը գագաթնաժողովից ստացավ այն, ինչն ակնկալում էր. անհատական ձևաչափով Հայաստան- ԵՄ բանակցությունների մեկնարկն ըստ էության տրված է: Վերլուծաբանը չի շրջանցել նաև իրողությունը, որ ամփոփիչ հռչակագիրն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, իսկ Ադրբեջանը նախ հրաժարվել է ստորագրել այն, ապա միացել է վերապահումով:
Այն, ինչ սպասում էինք Ռիգայի գագաթնաժողովից այսօր ունենք՝ այսպես էր գնահատել ԵՄ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի արդյունքները արտգործնախարար Էդուրադ Նալբանդյանը դրա ավարտից անմիջապես հետո: Նրա գնահատմամբ՝ Հայաստանը ոչ թե վերսկսում, այլ շարունակում է համագործակցությունը Եվամիության հետ կամ երկամյա խորհրդատվությունների փուլից անցնում է բանակցությունների փուլ:
Սպասվում է, որ շուտով Եվրամիության խորհուրդը կհաստատի բանակցող թիմի մանդատը, ինչից հետո Հայաստանը բանակցություններ կսկսի՝ ուղղված Շրջանակային նոր համաձայնագրի մշակմանը:
Ռիգայի գագաթնաժողովն ամբողջականացրեց վերիջին 2 տարիների ընթացքում կատարված աշխատանքը ՝ ասում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Հայկական կողմը երկու տարի շարունակ, դեռևս Վիլնյուսի գագաթնաժողովից, ձգտում էր հասնել ԵՄ-ի հետ անհատական քննարկումների, այսինքն համագործակցության անհատական և ոչ թե միասնական ձևաչափի, ինչպիսին Ասոցացման համաձայնագիրն էր»:
Քաղաքական որոշման կայացումից հետո ակնկալվում է Եվրամիության խորհրդի որոշումը՝ լիազորել Եվրահանձնաժողովին և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչին բանակցություններ սկսել Շրջանակային համաձայնագրի շուրջ: Արդեն հայտնի է, որ այդ համաձայնագիրը կներառի ոչ միայն քաղաքական համագործակցությունը, ինչպես ավելի վաղ էր ակնկալվում, այլ նաև կունենա տնետսական բաղադրիչ, այն սահամններում , որոնցում համագործակցությունը համատեղելի կլինի ԵԱՏՄ անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների հետ:
Ամփոփելով ՝ Հրանտ Մելիք- Շահնազարյանն արձանագրում է, որ այս համաժողովից հետո Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքորոշումն ավելի ընկալելի դարձավ կամ Հայաստանը կարողացավ հիմնավորել իր ընտրության պրագմատիզմը և այն թեզը, որ արևելյան գործընկերության բոլոր երկրների առջև նույն պայմանները դնելը չի կարող չբերել կոնֆլիկտայնության: Ընտրության պրագմատիզմը թույլ տվեց խուսափել, օրինակ, ուկրաինական զարգացումներից:
«Հայաստանը խնդիր ուներ Եվրոպական միությանը ցույց տալու և հիմնավորելու իր ընտրության պրագմատիզմը՝ աշխարհաքաղաքական զարգացման տեսակետից Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության հետ համագործակցության հավասարակշռությունը կամ փոխադարձ շահավետությունը»: