Հասարակություն

Վերջին զանգ հնչեց նաեւ ապագա սպաների համար

arminegevorgyan
Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանում այսօր տոնական տրամադրություն էր: Ուսումնարանի 69 շրջանավարտների համար հնչեց «Վերջին զանգը»: Միջոցառմանը  մասնակցում էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Մոնթե Մելքոնյան ռազմական ուսումնարանի շրջանավարտներից 65-ն ուսումը կշարունակի ռազմական այլ ուսումնական հաստատություններում:  Մոնթե Մելքոնյան վարժարանի տնօրեն Վիտալի Ոսկանյանը ներկայացրեց սաների ձեռքբերումները՝ տեղական և միջազգային տարբեր մրցումներին, որից հետո ուսումնարանի կուրսանտները  հանդես եկան ցուցադրական ելույթներով՝ պարեցին ավարտական վալս, շարային քայլերթով անցան հրամանատարական կազմի առջևով:  ՊՆ Սեյրան Օհանյանն ասաց, որ մեր ապագան հուսալի ձեռքերում է, հավելելով՝

«Մեկընդմերթ իմ սերնդակիցները հարց են տալիս, թե որքանով է այսօրվա մատաղ սերունդը պատրաստ մեր հայրենիքի պաշտպանությանը և մեր հայրենիքի զարգացումն ապահովելուն: Միշտ վստահաբար ասում եմ, նրանք այդ զարգացումն ավելի լավ են ապահովելու և ավելի լավ են պաշտպանելու հայրենիքը, քան մեր սերունդը: Միայն այսօր պետք է միասնաբար, հետևողական կերպով զօր ու գիշեր չարչարվենք և նրանց դաստիարակության, կրթության մակարդակը ավելի բարձր հիմքերի վրա դնենք»:

Ըստ նախարարի՝ այս հաստատության տոնական արարողությունն առանձնահատուկ խորհուրդ ունի,քանի որ այն  ուղղված է  մեր հայրենիքի պաշտպանության լիարժեք իրականացմանը: Այս  կուրսանտները ձեռք են բերում մասնագիտություն, որը հետագայում պետք է լրացվի Հայոց բանակի սպայի հերոսական մասնագիտությամբ:

Անդրադառնալով ՊՆ-ում կոռուպցիայի, կաշառակերության դեմ պայքարի ընթացքին, նախարարն ասաց, որ այն այսօր իրականացվում է ծրագրային առումով. «Բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիր է մշակվել: ՊՆ-ն այսօր ապացուցել է, որ անընդհատ զարգացող կառույց է և հենվելով դրականի վրա՝ առաջընթաց է ապահովում»:

Ցուցադրել ավելի
Back to top button