Քաղաքական

Արաբագետը կարեւորում է ՀՀ ԱԳ նախարարի այցը Սիրիա

lenabadeyan
Այսօրվա դրությամբ «Իսլամական պետություն» խմբավորումը վերահսկում է արդեն Սիրիայի տարածքի կեսը՝ մոտ 90 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Պատմական Պալմիրա քաղաքի գրավումը միայն պատմամշակութային արժեքի կորստի հավանականություն չէ, փաստն իր մեջ ունի մի քանի այլ նշանակություն: Այս ամենում Հայաստանի համար կարեւորագույն հարցը՝ Սիրիայի հայ համայնքի փարկության խնդիրն է: Արաբագետ Արմեն Պետրոսյանը չի բացառում, որ առաջիկայում նոր ռազմական գործողություններ կվերսկսվեն Հալեպի մոտակայքում:

 

Որեւէ մեկը հստակ տեղեկություն չունի, թե այս պահին որքան հայ է մնացել Հալեպում: Տարբեր հաշվարկներով խոսքը 18 հազարից 22 հազար մարդու մասին է: Օրվա մեջ երկու-երեք ժամ էլեկտրականություն, ջրամատակարարումը նույնպես անջատումներով, կապի միջոցներից համացանց առհասարակ չկա, սննդամթերքի պակաս դեռեւս չկա, սակայն կա ֆինանսական խնդիր՝ սննդամթերքը բավականին թանկ է եւ ոչ հասանելի բնակչությանը:

Սա է Հալեպից եկող ինֆորմացիան, որը փոխանցում է արաբագետ Արմեն Պետրոսյանը: Հաշվարկել է, որ յուրաքանչյուր հայի դուրս բերման համար անհրաժեշտ է 500-700 դոլար, զանգվածային տարհանում իրականացնել այլեւս հնարավոր չէ, բոլոր քայլերը պետք է արվեն ընդհատակյա:

«2-3 հազար մարդ չէ, որ ամվտոբուսներով, մեքենաներով կամաց-կամաց տեղափոխեին: Ոնց էլ լինի տեղեկատվությունը, որ հայերը լքում են Հալեպը կտարածվի: Նախ եւ առաջ վարչակարգը կնշի, որ հայերն էլ են լքում նավը: Հայերը, որոնք միշտ խոսում էին հավատարմության, մինչեւ վերջ մնալու, կիսելու սիրիացի ժողովրդի ճակատագիրը կիսելու մասին: Էլ չեմ ասում հակակառավարական խմբավորումների մասին, որոնք ուղղակիորեն թիրախ կդարձնեն այդ ճանապարհները»:

Ստեղծված վիճակում արաբագետը կարեւոր է համարում կառավարության վերջին որոշումը՝ արտգործնախարարի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկել Սիրիա:

«Համոզված եմ, որ կլինեն քննադատողներ, որ միակողմանի քայլ է: Բայց պետք է հաշվի առնենք, որ միակ կողմը, որի հետ Հայաստանն այսօր կարող է խոսել, դա սիրիական իշխանություններ են: Իսկ բարձր մակարդակի բանակցություններ սիրական իշխանությունների հետ, անձամբ Բաշար Ալ Ասադի հետ եւ նրանից երաշխիքների ապահովում մեր համայնքի անվտանգության հետ կապված, սա ամենաառարկայական դիվանագիտական քայլն է, որ ՀՀ-ն կարող է անել»:

Արաբագետի գնահատականներով ամեն դեռ կորած չէ, որպես ապացույց բերում է Քեսաբի օրինակը, երբ Ասադի վարչակարգը որոշ ժամանակ անց կարողացավ ազատագրել այդ քաղաքը: Բայց այս ամենում կա մեկ լուրջ խնդիր՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում աշխարհը Բաշար Ալ Ասադին թողել է մենակ եւ սա ունի կոնկրետ նպատակ:

«Կոալիցիոն ուժերը կամ արեւմուտքը, կամ ԱՄՆ-ն, ինչպես ուզում եք ներկայացնենք, նպատակ ունի նաեւ «Իսլամական պետության» միջոցով, եթե չասենք հեռացնելու Բաշար Ալ Ասադի վարչակարգը, ապա՝ զգալիորեն թուլացնելու: Իսկ եթե թուլացնում է՝ ստիպում է նրան գնալ քաղաքական զիջումների: Քաղաքական զիջումների հեռանկարի մասին արդեն իսկ սկսել են խոսել: Հունիսի 2-ին, եթե չեմ սխալվում, Ֆրանսիայում միջազգային հանդիպում է լինելու, որի շրջանակներում էլ, ըստ երեւույթին, կխոսեն»:

Արաբագետի պնդմամբ, կա նաեւ մեկ այլ սցենար՝ եթե Ասադը զիջումների չգնա, ապա Սիրիայի տարածքը կմասնատվի, եւ Ասադի վերահսկողության տակ կթողնեն ընդամենը մի քանի տարածք: Այս հնարավորության մասին եւս վերջին շրջանում սկսել են խոսել, հետեւաբար՝ ընտրությունը Ասադինն է: Ինչ վերաբերում է կոնկրետ պատմական Պալմիրա քաղաքի նվաճմանն, ապա «Իսլամական պետության» այս քայլն ունի մի քանի նպատակ:

«Այս քաղաքի կարեւորությունը որն էր՝ տրանսպորտային եւ գազային մատակարարումների հանգույց էր: Այս շրջանից իրականացվում էր գազամատակարարումը 3 ուղղությամբ՝ Դամասկոս եւ Լաթակիա, Տարտուս նահանգների, այսինքն՝ այն 3 կարեւորագույն հանգուցային շրջանների ուղղությամբ, որոնք այսօր գտնվում են սիրիական վարչակարգի վերահսկողության ներքո»:

Արմեն Պետրոսյանի ներկայացմամբ՝ «Իսլամական պետություն» խմբավորումն այսօր վերահսկում է արդեն Սիրիայի տարածքի կեսը՝ մոտ 90 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Չնայած շատ բնակեցված տարածքները դեռեւս մնում են գործող վարչակարգի վերահսկողության տակ:

Ցուցադրել ավելի
Back to top button