«Վերջին զանգը» Արմավիրի մարզում


Արմավիրի մարզի միջնակարգ և ավագ դպրոցներում այսօր «Վերջին դասի» և «Վերջին զանգի» միջոցառումներ էին: Այս ուսումնական տարում հարազատ կրթօջախներին հրաժեշտ տվեց 2437 շրջանավարտ, որից 701-ը՝ ավագ դպրոցներում և վարժարաններում: Դպրոցներում արգելվել են ճոխ արարողությունները, դրանք սահմանափակվել են «Վերջին դասի» կազմակերպմամբ:
Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի միջնակարգ դպրոցի 228 աշակերտից այսօր դպրոցին հրաժեշտ է տվել 19 շրջանավարտ: Այս դպրոցում է սովորել ու հայրենասիրության դասեր քաղել անցած տարի հայ-ադրբեջանական սահմանում դիվերսիոն խմբին դիմագրավելիս զոհված Սարգիս Մովսիսյանը:
Դպրոցում «Վերջին դասից» առաջ շրջանավարտները ծաղիկներ դրացին դպրոցի բակում նրա հուշարձանին, իսկ «Վերջին դասն» անցկացվեց ազատամարտիկներին նվիրված դասասենյակում:
Մայիսյանի միջնակարգ դպրոցը նախորդ տարի ավարտել էր 14 աշակերտ, որից բարձրագույն ուսումնական հաստատությունում է սովորում են 4- ը: Դպրոցի տնօրեն Իշխան Պետրոսյանը տեղեկացրեց, որ շրջանավարտները սոցիալական խնդիրների պատճառով չեն կարողանում բարձրագույն կրթություն ստանալ, այս տարի միասնական քննությանը մասնակցելու է 3 շրջանավարտ:
Բաղրամյանի տարածքի Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցն այս տարի 33 շրջանավարտ ունի: Դպրոցի տնօրեն Զուբեիդա Հովհաննիսյանը գերազանց շրջանավարտներին այսօր հանձնեց շնորհակալագրեր: «Վերջին դասի» կապակցությամբ շրջանավարտներին տարբեր զգացողություններ էր համակել՝ ուրախության ու տխրության, վերջին դասը դեռ չավարտված նրանք արդեն կարոտում են դասընկերներին և ուսուցիչներին:
Արմավիրի մարզի 6 գյուղական դպրոցների «Վերջին դասին» մասնակցել են նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ու կրթության վարչության պետ Գայանե Սայադյանը: Նրանք իրենց բարեմաղթանքն են ուղղել շրջանավարտներին, մաղթելով՝ հաղթահարել կյանքի դժվարությունները, ապրել ու արարաել սուրբ հայրենիքում, լինել լավ մարդ:
«Վերջին զանգին» տոնական էր նաև Արմավիր քաղաքը, որտեղ 2 ավագ դպրոցում և «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանում վերջին զանգը հնչեց 256 շրջանավարտի համար: