Քաղաքական

Յասպեր Վիկ.Հայաստանն է որոշում ՆԱՏՕ-ի հետ գործընկերության խորությունն ու ինտենսիվությունը

karenghazaryan
Հունվարի 1-ից երկու տարով Հայաստանում ՆԱՏՕ-ի կոնտակտային դեսպանության գործառույթը ստանձնել է Գերմանիան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի ԱԳ նախարարության ՆԱՏՕ-ի բաժնի ղեկավար Յասպեր Վիկը, խոսելով Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության շրջանակներում անցկացվելիք  միջոցառումների մասին, տեղեկացրել է նաեւ, որ հաջորդ ամիս Հայաստանում կանցկացվի «Ռոուզ ռոթ»-ի սեմինարը, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ գործընկեր երկրների պատգամավորները, իսկ աշնանը կանցկացվի ավանդական ՆԱՏՕ-ի շաբաթը Հայաստանում:

 

ՆԱՏՕ-ի գործընկերության փիլիսոփայությունը առաջարկ է ուղղված այն երկրներին, որոնք ցանկանում են ՆԱՏՕ-ի կարողություններն օգտագործել իրենց անվտանգության ոլորտի համար: Գերմանիայի ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի ղեկավար Յասպեր Վիկը շեշտեց, որ ՆԱՏՕ-ի գործընկերության քաղաքականությունը բացառիկության հավակնություններ չունի եւ հնարավոր է, ինչպես Հայաստանի պարագայում, գործընկերությունը համադրել այլ համագործակցությունների հետ:

«Հայաստանը ունի բավական կայացած գործընկերային հարաբերություններ ՆԱՏՕ-ի հետ, իսկ մյուս կողմից անդամակցում եւ մասնակցում է ՀԱՊԿ-ի աշխատանքներին»:

Նման երկվեկտոր քաղաքականությունը բնավ խնդիրներ չի առաջացնում եւ Հայաստանն է որոշում անվտանգության քաղաքականությունների համադրությունն ու գործընկերութան խորությունն ու ինտենսիվությունը՝ հավելեց ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը՝ շեշտելով, որ ՆԱՏՕ-ի գործընկերության քաղաքականությունը որեւէ մեկի դեմ ուղղված չէ:

Հարավային Կովկասում  ՆԱՏՕ-ի կապերի գրասենյակի  ղեկավար Ուիլյամ Լահուն էլ իր հերթին նշեց, որ ՆԱՏՕ-ն ակտիվորեն պահպանում է Հայաստանի հետ համագործակցության ծրագիրը՝ հիմնվելով այն բանի վրա, թե ինչ հարցերով է Հայաստանը շահագրգիռ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության այդ ծրագիրը շարունակելու:

«ՆԱՏՕ-ի հետ գործընկերության հիմքում ընկած են երկուստեք շահերը: Մասնավորապես, թե՝ որքանով է Հայաստանը ցանկանում ստանալ աջակցություն. վերապատրաստում եւ խորհրդատվություն՝ պաշտպանական ոլորտի սեփական կարողությունները զարգացնելու եւ այդ առումով օգուտ քաղելու համար»:

Լրագրողների խնդրանքին ի պատասխան գնահատելով Հայաստանի շահագրգռվածությունը ՆԱՏՕ-ի հետ գործընկերության առումով՝ Յասպեր Վիկը նախ նշեց, թե ավելի լավ է այդ մասին հայ պաշտոնյանների գնահատականները լսելը, ապա հավելեց, որ որպես ՆԱՏՕ-ի կողմից դիտորդ կարող է ասել, որ Հայաստանը հետաքրքրված է միջազգային զինվորական առաքելություններին մասնակցելով, եւ իրենք շատ երախտապարտ են Աֆղանստանում ու Կոսովոյում, ինչպես նաեւ՝ ՄԱԿ-ի կողմից Լիբանանում իրականացվող միջանկյալ ուժերի առաքելությանը Հայաստանի մասնակցության համար: Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը կարծիք հայտնեց, որ Հայաստանի համար շահեկան է այն, որ դրանցով ՆԱՏՕ-ի ուժերի հետ ավելի փոխգործունակ է դառնում: Յասպեր Վիկի փոխանցմամբ՝ Հայաստանը հետաքրքրված է նաեւ ժամանակակից չափանիշերին համահունչ արհեստավարժ զինված ուժեր ունենալով, իսկ այդ բարեփոխումներն իրականացնելու համար օգտագործում է ՆԱՏՕ-ի խորհուրդներն ու աջակցությունը, որոնք բխում են Դաշինքի ունեցած փորձից:

Ցուցադրել ավելի
Back to top button