Հասարակություն

Արմավիրի մարզի ևս 2 մանկապարտեզում արձանագրվել են աղիքային վարակների դեպքեր

Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք են հոսպիտալացվել 3­6 տարեկան երեխաներ: Բոլորի մոտ նկատվել են նույն ախտանշանները` լուծ, փսխում, ջերմություն և ընդհանուր թուլություն։ Բոլոր երեխաները հաճախում են Արմավիր քաղաքի թիվ 9 և թիվ 6 մանկական նախադպրոցական կազմակերպություններ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, վարակի աղբյուրի պարզաբանման նպատակով ձեռնարկվել են կանխարգելիչ և հակահաճարակային մի շարք միջոցառումներ. ուսումնասիրվել են նշված 2 կազմակերպության սանիտարահիգիենիկ պայմանները, հիվանդներից, մանկապարտեզի անձնակազմից, կոնտակտավորներից, խոհանոցի և խմբասենյակների մի շարք պարագաներից, խմելու ջրից իրականացվել են նմուշառումներ: Ինչպես սանիտարահիգիենիկ պայմանների ուսումնասիրության, այնպես էլ լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են ՀՀ առողջապահության նախարարի 2002 դեկտեմբերի 20­-ի «Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների) N 2.III.1. սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» և 2013 թվականի օգոստոսի 12­-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ N2.3.1­0102013 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» հրամանների պահանջների կոպիտ խախտումներ:

Հիվանդներից հայտնաբերվել է շիգելլա զոնե, իսկ խոհանոցների և խմբասենյակների մի շարք առարկաներից՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ: Մայիսի 22-­ի դրությամբ Արմավիր և Մեծամորի բժշկական կենտրոնների ինֆեկցիոն բաժանմունքներում հոսպիտալացված է միջին ծանրության 16 հիվանդ: Հիվանդների վիճակը բավարար է, ունեն առողջացման դրական տեղաշարժ: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում բացահայտվել է, որ Արմավիր քաղաքի թիվ 9 և 6 մանկապարտեզներում առկա է տեղային (լոկալ) բռնկում, քանի որ հիվանդության դեպքերն արձանագրվել են գրեթե միաժամանակ, լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերված շիգելլա զոնեն բնորոշ է սննդային գործոնին: Հետևաբար՝ համաճարակաբանական օրինաչափությունների և լաբորատոր հետազոտությունների արդյունքում կարելի է եզրակացնել, որ արձանագրվել է սննդային գործոնով պայմանավորված տեղային (լոկալ) բռնկում` երկրորդային ախտոտվածության հետևանքով: Դեպքերի մասին տեղեկացվել են ինչպես տարածքային կառավարման և համայնքների ղեկավարները, այնպես էլ` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը։ Այս ոլորտում հետևողական և սկզբունքային աշխատանքները շարունակվել են։

Ցուցադրել ավելի
Back to top button