Քաղաքական

Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` մայիսի 22-­ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա): Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Back to top button