Հասարակություն

Քաղաքացուն եւ հարազատներին ոստիկանները ապօրինի բերման են ենթարկել եւ ծեծել

Քաղաքացի Տիգրան Խ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 2015 թվականի ապրիլի 13-ին ժամը՝ 07:10-ի սահմաններում, հայրը ինքնասպանություն է գործել՝ նետվելով շենքի 9-րդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատշգամբից:

2015 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները իրեն, կնոջը, վերջինիս քրոջը և նրա ամուսնուն տարել են հիշյալ բաժին, հայտնել, որ իրականում հորը սպանել են ինքն ու կինը, քանի որ մահվանից դեռևս մեկ ժամ առաջ նրան խեղդել են, ապա հանցանքը թաքցնելու և ինքնասպանություն ձևացնելու նպատակով դիակը նետել են պատշգամբից:

Այնուհետև ոստիկանության աշխատակիցները իրենց տվել են դատապարտվելու սպառնալիքներ, հայհոյել ու վիրավորել են և տեղյակ լինելով, որ հարում են կրոնական կազմակերպությանը, ծաղրի են ենթարկել, ապա տևական ժամանակով պահել են ոստիկանության բաժնում, իսկ իր նկատմամբ կիրառել են նաև բռնություն:

Քաղաքացի Տիգրան Խ.-ի հաղորդման հիման վրա պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ցուցադրել ավելի
Back to top button