Հասարակություն

Ցմահ ազատազրկման դատապարտվածը կարող է ստանալ Պոլիտեխնիկի դիպլոմ

Ցմահ ազատազրկման դատապարտված եւ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկությունում պատիժը կրոն Մանուկ Սահակյանը հնարավորություն է ստացել ավարտել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։

Նրա ավարտական աշխատանքի պաշտպանությունը տեղի կունենա մայիսի 26- ին ՔԿՀ- ում։ Պոլիտեխնիկից տեղեկացնում են, որ համալսարանի նախկին ուսանողի եւ նրա ծնողի դիմոումի հիման վրա համալսարանը Նուբարաշենի ՔԿՀ- ի հետ համաձայնեցնելով կազմակերպել է նրա պաշտպանությունը։

«Սառնարանային, կրիոգեն տեղակայանքներ և կոնդիցիոնացման համակարգեր» մասնա­­գիտու­թյան ավարտական աշխատանքի պաշտպանության համար Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հ.Թոքմաջյանի 2015թ. ապրիլի 22-ի թիվ 01-03/196 հրամանի համաձայն կազմվել է հանձնաժողով… 2015թ. մայիսի 12-ին նա նույն հանձնաժողովին հանձնել է ատեստավորման քննություն և ստացել է «գերազանց» գնահատական»,- հայտնում են Պոլիտիեխնիկից։

Նշենք, որ Մանուկ Սահակյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել 2009թ. մարտի 29- ին տաքսո վարորդ Գարիկ Սարուխանյանին սպանելու համար։

2010 թ. դատական նիստից հետո գլխավոր դատախազությունը տարածել էր մամուլի հաղորդագրություն, ըստ որի «դատարանը հավաստի է համարել մեղադրող դատախազների կողմից ներկայացված ապացույցները առ այն, որ 2009թ. Մարտի 29-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Մանուկ Սահակյանը եւ Վարդան Վարդանյանը կանգնեցրել են Գարիկ Սարուխանյանին պատկանող  ՎԱԶ- 21010 մակնիշի  տաքսու տարբերանշանով ավտոմեքենան եւ պատվիրել, որ վարորդն ավտոմեքենան վարի դեպի   Մարգարյան եւ Հալաբյան փողոցների խաչմերուկ:  Հենց այդտեղ էլ,  ավտոմեքենան ավազակությամբ  հափշտակելու  նպատակով, նրանք  հարձակվել են  Գ. Սարուխանյանի վրա, բռնություն գործադրել նրա նկատմամբ եւ առանձին դաժանությամբ  դանակի բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին: Այնուհետեւ Գ. Սարուխանյանի մարմինը  տեղափոխել են  Սիլիկյան թաղամասի մոտ` Սպանդարյան արտադրական  հանգույցին հարակից ամայի մի տարածք, եւ այդ պահին դեռեւս կենդանի Գ. Սարուխանյանի մարմինը քարշ տալով իջեցրել փոսի մեջ  ու այն ծածկել խճաքարերով: Հափշտակելով  Գ. Սարուխանյանի մոտ եղած 300 ԱՄՆ դոլար գումարը, 28 000 ՀՀ դրամ  արժողությամբ  բջջային հեռախոսը, 40 000 դրամ արժողությամբ  ֆոտոխցիկը եւ  ավտոմեքենան` Մ. Սահակյանն ու Վ. Վարդանյանը հեռացել են, իսկ  Գ. Սարուխանյանը, ստացած մարմնական վնասվածքներից  եւ անօգնական վիճակում մնալով խճաքարերի տակ, մահացել է»։

Back to top button