Քաղաքական

Խաչատուրովը ՆԱՏՕ-ի պաշտոնյային ներկայացրել է ԼՂ հակամարտության շուրջ կատարվող ռազմական զարգացումները

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում տեղակայված ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում երեկ մասնակցել է գործընկեր պետությունների մասնակցությամբ Հյուսիսատլանտյան Դաշինքի ռազմական կոմիտեի նիստերին:

ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նիստերն անցկացվել են Աֆղանստանում և Կոսովոյում իրականացվող Վճռական աջակցություն և ԿՖՈՌ գործողություններին, ինչպես նաև «Փոխգործունակության հարթակին» ներգրավված պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ձևաչափով:

Նիստերի ընթացքում քննարկումներ են ծավալվել Աֆղանստանում և Կոսովոյում անվտանգային իրավիճակի, կոալիցիոն զորքերի գործողությունների ընթացքի և հարատև կայունության հաստատման հեռանկարների վերաբերյալ:

Գլխավոր շտաբերի պետերը կարծիքներ են փոխանակել նաև միջազգային խաղաղության և անվտանգության ջանքերում համատեղ ուսումնավարժանքների արդյունավետության բարձրացմանը միտված՝ ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների միջև «Փոխգործունակության հարթակ» նախաձեռնության կյանքի կոչման մտահղացման շուրջ:

Ըստ աղբյուրի, Յուրի Խաչատուրովը հանդիպում է ունեցել Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, Մեծ Բրիտանիայի ցամաքային զորքերի գեներալ Ադրիան Բրադշոուի հետ:

Հանդիպման նպատակն էր կարծիքներ փոխանակել տարածաշրջանային անվտանգութան և միջազգային խաղաղապահ առաքելություններին Հայաստանի Հանրապետության մասնակցության հարցերի շուրջ:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կատարվող ռազմական զարգացումները, առաջնագծում տեղի ունեցած վերջին միջադեպերը, միջազգային առաքելություններին հայ խաղաղապահների մասնակցության հեռանկարները:

Իր հերթին, գեներալ Բրադշոուն երախտիքի խոսքեր է արտահայտել Աֆղանստանում և Կոսովոյում անցկացվող կոալիցիոն առաքելությունների Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարունակական մասնակցության համար:

Ցուցադրել ավելի
Back to top button