Քաղաքական

Արցախի խորհրդարանը կշարունակի ղեկավարել Աշոտ Ղուլյանը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Այսօր Արցախի նորընտիր Ազգային ժողովը առաջին նիստն է գումարել:   Կանոնակարգի համաձայն՝ այն կազմակերպչական մի շարք հարցերի պատասխան տվեց: Մասնավորապես՝ արդեն հայտնի  է,  թե ովքեր են զբաղեցնելու խորհրդարանի  ղեկավար պաշտոնները։

Արցախի նորընտիր խորհրդարանը  ղեկավարելու է Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը: Այսպիսի ընտրությունն անսպասելի էր այն առումով, որ մանդատների թվով ժողովրդավարները երրորդն են խորհրդարանում:

Սակայն խորհրդարանի անդրանիկ նիստից  օր առաջ ընտրությունների արդյունքում Ազգային ժողովի 33 մանդատներից 15- ը ստացած  և  6 մանդատ ստացած ԱԺԿ միջև համագործակացության  հուշագիր ստորագրվեց և այսօր ԼՂՀ ԱԺ արդեն նախկին փոխխոսնակ «Ազատ հայրենիք» խմբակցության անդամ Արթուր Թովմասյանը խորհրդարանի նախագահի պաշտոնում առաջարկեց իրենց գործընկեր կուսակցության նախագահին։

Խորհրդարանական մեծամասնություն կազմող «Ազատ հայրենիքի» սա միակ զիջումն էր ԱԺ պաշտոնները բախշելիս: Փոխխոսնակի պաշտոնը բաժին հասավ ընտրությունների արդյունքում յոթ մանդատ ստացած  դաշնակցականներին:  Յոթ հանձանժողովներից հինգը ղեկավարելու են «Ազատ հայրենիքի» անդամները, մեկական ժողովրդավարներն ու դաշնակցականները:

Ընդդիմադիները՝ «Շարժում 88» և  «Արցախի վերածնունդ» կուսակցությունների ներկայացուցիչները  ընդգրկվել են հանձնաժողովներում:

Խորհրդարանի անդրանիկ նիստին մասնակցել է Արցախի նախագահը: Բակո Սահակյանը խոսել է արդեն մշտական հիմունքներով  գործող խորհրդարանից ունեցած ակնկալիքների մասին: Նրա կարծիքով՝ կուսակցական մանդատների  քանակի ավելացումը  որակական արդյունք պիտի տա: Նախագահը նաև մատնանշել է  խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը չճանաչված Արցախի համար:

Խորհրդարանի հաջորդ նիստը տեղի է  ունենալու առաջիկա 20-օրյակում: Կառավարությունը, որը շարունակում է ղեկավարել «Ազատ հայրենիքի» նախագահ Արա Հարությունյանը, ներկայացնելու է իր գործունեության ծրագիրը:

Back to top button