Քաղաքական

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Աթենքի Սինտագմա հրապարակում հանդես է եկել ելույթով

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 19-ին՝ Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրը, Աթենքի Սինտագմա հրապարակում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը: ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով՝ մասնավորապես նշելով.

«Այսօր՝ մայիսի 19-ին, մենք հիշում ենք 20-րդ դարասկզբի ամենամեծ աղետներից մեկի՝ Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած Պոնտոսի եւ փոքրասիական հույների հիշատակի օրը: 20-րդ դարի մարդկության պատմության ամենաողբերգական եւ ամոթալի էջերից մեկը եղել է Թուրքիայի կողմից քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունը:

Այսօր միաբանվելով հին Էլլադայի ժողովրդավարության խորհրդանիշ հանդիսացող Աթենքի սրտում՝ ի լուր ողջ աշխարհի հայտարարում ենք մեր հավատարմությունը ցեղասպանության միջազգային դատապարտմանը եւ ընդդեմ թուրքական ժխտողականությանը:

Պոնտոսի եւ փոքրասիական հույների ցեղասպանությունը նախապես ծրագրված էր երիտթուրքական իշխանությունների կողմից: Պատահական չէ, որ 1915 թվականի հոկտեմբերին Թուրքիայի ռազմական նախարար Էնվեր փաշան լկտիաբար հայտարարեց, որ հույների խնդիրը կլուծի նույն կերպ, ինչպես լուծեց հայերինը:

Նույն այդ օրերին Զմյուռնիայում բարձրացավ հույն ժողովրդի բնաջնջման առաջին ալիքը: 1919 թվականի մայիսի 19-ին Քեմալ Աթաթուրքը Սամսունում սկիզբ դրեց Պոնտոսի եւ փոքրասիական հույների ցեղասպանության երկրորդ ալիքին:

Նրա հրամանով այրվեցին Զմյուռնիայի հունական եւ հայկական թաղամասերը, որին զոհ գնացին տասնյակ հազարավոր հույներ եւ հայեր: Պատահական չէ, որ Ուինսթոն Չերչիլը Զմյուռնիայի աղետի մասին նշել է՝ Քեմալն այն մոխրի վերածեց՝ բնաջնջելով ողջ քրիստոնյա բնակչությանը: Քեմալն իր հերթին լկտիաբար հայտարարեց, որ այլեւս Թուրքիան ազատվել է օտարներից եւ պատկանում է միայն թուրքերին:

Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելու լավագույն ուղին հիշողությունն ու պահանջատիրությունն է: Մենք հիշում ենք Ցեղասպանության անմեղ զոհերին, բայց նաեւ պետք է պահանջենք ցեղասպանությունների եւ մասնավորապես Պոնտոսի հույների ցեղասպանության միջազգային ճանաչումը: Միայն դատապարտելով մարդկության դեմ իրականացված ոճրագործությունները՝ մենք կարող ենք փակել բոլոր դռները նոր ցեղասպանությունների առջեւ: Այսօր՝ մայիսի 19-ին՝ Օսմանյան Թուրքիայում հույն ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրը, մենք մեր վճռական «ոչ»-ն ենք ասում թուրքական ժխտողականությանն ու ցեղասպանությանը, եւ մեր վճռական «այո»-ն՝ ցեղասպանություն երեւույթի միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը»:

 

Ցուցադրել ավելի
Back to top button