Հասարակություն

Բուհերի տեղափոխումը՝ նոր փորձանք հանրության համար

karenghazaryan
Մայրաքաղաքից Գյումրի որոշ բուհեր տեղափոխելու վիճահարույց խնդրի շուրջ այսօր լրագրողների հետ  հանդիպման ժամանակ բանավիճել են ճարտարապետ Սաշուր Քալաշյանն ու գրականագետ Դավիթ Գասպարյանը: Վերջինիս համոզմամբ՝ գաղափարը նոր փորձանք է հանրության համար, իսկ ավելի լավին ձգտելու փոխարեն, գնում ենք ավելի վատին: Սաշուր Քալաշյանը կարծում է, որ խնդիրներ կան եւ դրանք պետք է քննարկել:

 

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը պաշտպանում է երեւանյան մի քանի բուհ Գյումրի տեղափոխելու գաղափարը: Նա կարծում է, որ Գյումրին ունի բազմաթիվ խնդիրներ, իսկ դրանց լուծման համար չկան ֆինանսական հնարավորություններ, հետեւաբար՝ մտահղացումը կարող է աղբյուր դառնալ ֆինանսական միջոցների հայթայթման համար: Անդրադառնալով փաստարկներին, որ ծրագրով լուծվում է մի քանի գլխավոր խնդիր՝ ճարտարապետ Սաշուր Քալաշյանն ասաց, որ բոլոր հիմնավորումներն իր համար ընդունելի են: Հիշեցնենք հիմնավորումները հետեւյալներն են. տեղափոխվելիք բուհերի շենքերը սեյսմակայուն չեն, դրանք գտնվում են մայրաքաղաքի լավ հատվածներում, հետեւաբար՝ կվաճառվեն բարձր գներով, որոնք կծառայեն Գյումրիում նոր համալիրներ կառուցելուն, բացի այդ՝  կբեռնաթափվի Երեւանի ծանրաբեռնվածությունը:

«Գերխտացում է գնում. ուսանողությունը շատ մեծ տոկոս է կազմում, այդ ամեն ինչը ազդում է նաեւ տրանսպորտային երթեւեկության վրա: Մենք՝ մասնագետներս եւ Գյումրու քաղաքապետարանը ըմբռնումով մոտեցանք՝ աջակցելու եւ ոսումնասիրելու դրա ռեալության հնարավորությունները կամ նպատակահարմարության աստիճանը»:

Երեւանի եւ հանրապետության բնակչությունը շատ նվազել է եւ առաջվանը չէ՝ նկատեց գրականագետ Դավիթ Գասպարյանը: Ի տարբերություն ճարտարապետ Սաշուր Քալաշյանի՝ գրականագետ Դավիթ Գասպարյանը կտրականապես դեմ է բուհերի տեղափոխման գաղափարին: Ըստ նրա, դա անառողջ եւ վտանգավոր ծրագիր է ու փորձանք:

«Պատմականորեն ձեւավորվում է միջավայր, պատմականորեն ձեւավորվել են բուհեր: Այն ուսանողները, որոնք գալիս են Երեւանում սովորելու, գալիս են ոչ միայն գիտելիք ստանալու, գալիս են նաեւ մշակութային միջավայրի մեջ լինելու: Միայն դասը չէ, այլ մայրաքաղաքային դաստիարակություն է պետք»:

Դավիթ Գասպարյանը ծրագիրը համարեց աղետալի, ինչը հերթական անգամ կլարի մթնոլորտը: Նրա դիտարկմամբ՝ տվյալ խնդրում պետք է զգուշանալ նաեւ ռեկտորներից, քանի որ, բանախոսի ձեւակերպմամբ, նրանց հետ հեշտ է տարբեր ճանապարհներով լեզու գտնելը: Գրականակետն այլ հարց է համարում մարզերը զարգացնելու խնդիրը: Նա շեշտեց, որ մարզերում եւ հատկապես Գյումրիում կան պետական բուհերի մասնաճյուղեր եւ անհրաժեշտ է հենց դրանք զարգացնելը՝ առանց ավելորդ փորձության մատնելու հայ հանրությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button