Հասարակություն

Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն թափառող կենդանիների

aidaavetisyan
Մայիսի 21-ին  կենդանիների պաշտպանությամբ զբաղվող  հասարակական կազմակերպություններն ու կենդանասերները  քաղաքապետարանի մոտ  կազմակերպելու են բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն  և ի բարօրություն  կենդանիների: Վերջիններիս կազմակերպած ակցիան կշարունակվի մինչև կառավարության  շենքի մոտ, որտեղ  գործադիրից կպահանջեն կենդանիների պաշտպանության  համար օրենքի նախագիծ , ինչպես նաև  հանրային վերահսկողություն շների ստերիլիզացմամբ և հիվանդ շների քնեցմամբ զբաղվող կազմակերպության՝ «Յունիգրաֆ Իքս»-ի նկատմամբ:

 

Կենդանասերները մայրաքաղաքի փողոցներում հաճախ են  լինում շների զանգվածային սպանդի ականատեսները:  2006 թվականից սկսած թափառող շների դեմ պայքարի ծրագիրն իրականացնելու համար Երևանի քաղաքապետարանի  պատվերով պետական գնումների գործակալության մրցույթով տենդեր  է շահում  «Յունիֆգրաֆ -Իքս» ՍՊԸ-ն, որին էլ  քաղաքային  բյուջեից տարեկան 220 միլիոն դրամ է հատկացվում շների ստերիլիզացման և  հիվանդների  քնեցման համար:  Սակայն լինում են դեպքեր, երբ  մեկ բնակչի ահազանգով  նրանք հայտնվում են  տվյալ բակում կամ կենդանուն  տանում են իրենց կացարան և այնտեղ  սատկացնում,  կամ էլ այդ ամենը տեղի  է ունենում  բնակչի աչքի առջև:

Նման մի իրավիճակ կրկնվել է նաև երկու օր առաջ, այդ անգամ «Յունիգրաֆ իքս»-ի շների հավաքման աշխատանքներին  միացել են նաև ոստիկանները, որոնց աշխատանքը քաղաքացիների շահերի պաշտպանությունն  է, այլ ոչ թե  շուն որսալը, հիշեցնում է  Գոհար Մանուշակյանը:  Իսկ  կենդանասեր Հասմիկ Խաչատրյանն էլ իր հերթին հորդորում է բնակչությանը, որ  բակերում  ոհմակի կամ ուղղակի շուն հանդիպելու դեպքում միանգամից չահազանգել Յունիգարֆ- իքս, որտեղ շներին միանգամից այրում են, այլ պահանջեն քաղաքապետարանից հետևել, որ գումարները ծախսվեն նպատակային՝ ստերիլիզացնել շներին և նրանցից 1-2- ին թողնել բակերում:

Կենդանասերները պնդում են, որ դեմ գնալով բնությանը, ավելի են շատանում կենդանիները: Քանի դեռ աղբանոցներում կերակուր կա և աղբամանները բաց են, փողոցային կենդանիներից  ազատվելն անհնար է, ասում են վերջինները: Զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ դրական արդյունք է լինում այն ժամանակ, երբ սնունդ հայթայթելու ուղիները փակվում են: Դրա համար կենցաղային մնացորդները պետք է լցնել ամուր փակվող հատուկ բեռնարկղերի մեջ: Եվ բնականաբար, ստերիլիզացնել թափառող կենդանիներին, երբեմն նույնիսկ տեր ունեցող շներին՝ ընտանի կենդանիների անվերահսկելի վերարտադրումը կանխելու նպատակով:  Իսկ թե ինչպես է պատահում, որ  ամեն տարի  նույն ընկերությունն է  շահում տենդերը հարցին «Դինգո թիմ»  հասարակական կազմակերպության նախագահ  Օվսաննա  Հովսեփյանն այսպես է պարզաբանում. կենդանասերները չեն մասնակցում մրցույթին, քանի որ վերջինների  ձևակերպմամբ, տենդերի  պայմանները պահանջում են 80-90 տոկոս  կենդանիների ոչնչացում: Այս դեպքում պարզից էլ պարզ է դառնում, որ  Յունիգրաֆ իքս-ը գործում է հենց այս  պայմաններին համապատասխան:

Կարդացեք նաև
Close
Back to top button