Բաքուն Փարիզին բողոքի նոտա է հղել. ԼՂՀ նախագահին հյուրընկալում են Ֆրանսիայի Սենատում


Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեին այսօր կանչել են արտաքին գործերի նախարարություն, պատճառը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցն է Ֆրանսիա:
Նոտան ֆրանսիացի դիվանագետին հանձնել է փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը: «Նման փաստերը, ինչպես նաև ֆրանսիացի պատգամավորների «դիտորդական առաքելությունը» ապօրինի «ընտրությունների» ընթացքում հակասում են Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների ոգուն, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին»,- Մոնիեին ասել է Խալաֆովը՝ ընդգծելով, թե երկակի չափանիշները բացասաբար են ազդում երկկողմ հարաբերությունների վրա:
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի դեսպանը խոստացել է Ադրբեջանի դժգոհության մասին տեղեկացնել իր երկրի իշխանություններին:
Բակո Սահակյանը՝ Սենատում
Իսկ ահա Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատ եւ այնտեղ հանդիպում ունեցել մի խումբ սենատորների հետ։ Հանդիպման ընթացքում նա ներկայացրել է Արցախի պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տեղեկություններ եւ պատասխանել ներկաների հարցերին:
Բակո Սահակյանն բարձր է գնահատել Ֆրանսիայի դերակատարությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման գործում: