Մշակույթ

Թամար Կապրելյանի նոր երգը՝ «Եվրատեսիլի» մասնակիցների կատարմամբ

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խմբի անդամ Թամար Կապրելյանը հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել, հայտնում է «Առաջին  ալիք» հասարակայնության հետ կապերի բաժին։

«Genealogy»  խմբի անդամներ Թամար Կապրելյանը, Ստեֆանի Թոփալյանը, Մերի-Ջին Օ՛Դոհերթի Վասմաթզյանը, ինչպես նաեւ Ալբանիայի, Էստոնիայի եւ Հունաստանի ներկայացուցիչներն այսօր ձայնագրել են նոր՝ «The otherside/Մյուս կողմը» երգը։ Երաժշտության եւ խոսքերի հեղինակը Թամար Կապրելյանն է:

Կապրելյանի խոսքով` այս համագործակցությունը նպատակ ունի առավել սերտացնելու մասնակիցների միջեւ առկա շփումը: «Երաժշտությունը միացնում է մեզ, որովհետեւ այն վեր է ամեն ինչից: Մենք տարբեր ենք, իհարկե, բայց երաժշտությունը մեծ եւ ընդհանրացնող ուժ ունի: Այն միավորում է, փոշիացնում մշակութային տարբերությունները եւ փակում առկա ճեղքերը: Հուզմունքս եւ պատասխանատվությունը շատ մեծ է, քանի որ իմ հեղինակած երգն ենք ձայնագրում։ Այնուամենայնիվ՝ կարծում եմ, որ արդյունքը հետաքրքիր ու գոհացնող կլինի»:

Երգը խաղաղության եւ միասնության կոչ է, ինչպես նաեւ յուրահատուկ նվեր մրցույթի 60-րդ հոբելյանին:

Back to top button