Քաղաքական

Պետք է բացառել նոր թալեաթների, նոր քեմալների եւ նոր հիտլերների ծնունդը. Էդուարդ Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 18-ին Աթենքում մասնակցել է «Ցեղասպանությունների եռամիասնություն. հայեր, հույներ, ասորիներ» միջազգային համաժողովին: ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով՝ մասնավորապես նշելով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
«Հայաստանի Ազգային ժողովը մարտի 24-ին միաձայն ընդունել է հայտարարություն, որով դատապարտել է Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանությունը: Այս հայտարարությամբ մենք վերահաստատել ենք մեր դիրքորոշումը պայքարելու ցեղասպանություն երևույթի ճանաչման և դատապարտման ուղղությամբ:
Ցավոք, ցեղասպանությունները ճանաչելու և ծանր բեռը թոթափելու փոխարեն Թուրքիայի իշխանությունը գնում է ժխտման ուղիով` հանցակից դառնալով մեկ դար առաջ իրականացված հանցագործությանը, օկուպացնում է Կիպրոսի մի մասը, ապօրինի շրջափակում Հայաստանը, 301 հոդված պահում, գալիպոլիներ կազմակերպում` փորձելով թյուրիմացության մեջ գցել միջազգային հանրությանը, հոխորտում է Հռոմի պապի և այն երկրների առաջնորդների վրա, ովքեր ճանաչում և դատապարտում են Ցեղասպանությունը:
Մենք` երեք ժողովուրդների ներկայացուցիչներս, պետք է միավորենք մեր ողջ ներուժը հանուն մարդու իրավունքների պաշտպանության, պատմական արդարության վերականգնման և ընդդեմ թուրքական ժխտողականության:
Այլևս բավարար չէ պայքարել միայն Օսմանյան Թուրքիայում քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար. հարկավոր է հասնել թուրքական ժխտողականության քրեականացմանը: Ցեղասպանությունների մասին լռելը կարող է ծնել նոր ցեղասպանություններ, ինչի վառ վկայությունն են Հոլոքոստը, Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունները:
Մենք բոլոր հարթակներում պետք է միասնաբար բարձրաձայնենք ցեղասպանություն երևույթի դատապարտման անհրաժեշտության մասին, պետք է պայքարենք Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ՝ բացառելու նոր էնվերների, նոր թալեաթների, նոր քեմալների և ի վերջո նոր հիտլերների ծնունդը»:

Ցուցադրել ավելի
Back to top button