Միջոցառումներ Գերմանիայում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին


«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախաձեռնությամբ վերջերս Գերմանիայում անցկացվել է երկու միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառումների մասին տպավորություններով այսօր լրագրողների հետ կիսվել են «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի տնօրեն Սոնա Հարությունյանը, արվեստագետ Տիգրան Կարապետյանը եւ Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը:
«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի տնօրեն Սոնա Հարությունյանը կարծում է, որ կազմակերպված երկու միջոցառումներն էլ հաջող են կայացել եւ ծառայել իրենց նպատակին:
«Կարծում եմ, որ Հայաստանի համար մշակույթի միջոցով Հայոց ցեղասպանության փաստին եւս մեկ անգամ անդրադառնալը նույնպես լավագույն միջոց է: Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտ երկրամասի մամուլում բազմաթիվ արձագանքներ են եղել»:
Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Լուսաբացին սպասելիս» խորագիրը կրող համերգը կայացել է մայիսի 13-ին, Հալլե քաղաքում գտնվող Հենդելի տուն-թանգարանում: Հայկն ասաց, որ մենահամերգում գերմանացի ունկնդիրներին է ներկայացրել հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, այդ թվում՝ նաեւ ժամանակակից կոմպոզիտորների:
«Քանի որ հայ երաժշտությունն ինքն արդեն էմոցիոնալ է իր բնույթով, շատ ոգեւորված ընդունում էր ունկնդիրը»:
Արվեստագետ Տիգրան Կիրակոսյանն էլ 2.5 ամիս աշխատել է Գերմանիայի Հալլե քաղաքի «Բուրգ Գիբիխենշտայն» գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչական եւ գրաֆիկական արվեստանոցում: Այդ ընթացքում ստեղծել է 50 աշխատանք՝ Հայոց ցեղասպանության թեմայով: Դրանցից 19-ը ցուցադրվել են «Ձայներ անցյալից» խորագրով անհատական ցուցահանդեսում, որ բացվել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտ երկրամասի Մորիտցբուրգ հիմնադրամ-թանգարանում: Տիգրանն ասաց, որ օտար միջավայրում իր համար դժվար է եղել ստեղծագործելը, սակայն կարողացել է հարմարվել եւ իր ասելիքը գերմանացի արվեստագետին փոխանցել՝ Հայոց ցեղասպանության թեմայով:
«Ես մինչեւ վերջ վախենում էի, որ ցուցահանդեսը չի ունենա դիմագիծ, այսինքն՝ չի ունենա իր լեյտմոտիվը՝ իր ասելիքով, իր սկզբով, զարգացումով ու ավարտով: Բայց ցուցահանդեսի էքսպոզիցիայից հետո, արդեն այդ դիմագիծը երեւաց»:
Նկարիչն ասաց, որ թեպետ 2.5 ամսվա ընթացքում աշխատել է տպավորիչ ու լավագույն պայմաններում, այդուհանդերձ, իր համար լավագույն տարբերակը հայրենիքում ստեղծագործելն է, հետո՝ դրսում ցուցադրվելը: Նրա ձեւակերպմամբ՝ այն էներգետիկան եւ ներուժը, որ զգում ես հայրենիքում, շատ դեպքերում կորցնում ես դրսում ստեղծագործելիս՝ օտար միջավայրում լինելու պատճառով: