Մշակույթ

Թատրոնի հանդիսատեսը նվազել է

alisagevorgyan
Թատրոնի հանդիսատեսը նվազել է. պատճառներն այսօր փորձել  են վերլուծել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Նելլի Շահնազարյանն ու անվանի ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը: Սոցիալականից մինչև անճաշակություն և անտարբերություն:

 

 

Թատրոնում հաճախելիությունը նվազել է, մայր թատրոնի  փոխտնօրեն Նելլի Շահնազարյանի համոզմամբ  հիմնական պատճառը՝ սոցիալական է: «Երկրում այնպիսի պայմաններ չեն ստեղծվել, որ մարդիկ դարդ ու ցավ մոռացած թատրոն հաճախեն: Նրանք մի կերպ կոմունալ ծախսերի տակից են դուրս գալիս»,-ասում է թատրոնի փոխտնօրենը:

 

Թատրոնների հաճախելիության վրա բացասական մեծ ազդեցություն են  գործում որակյալ գովազդի բացակայությունն ու դպրոցներում տոմսեր վաճառելու արգելքը: «Խորհրդային տարիներին այդ ավանդույթը ոչ միայն ապահովում էր թատրոնի հանդիսատեսի զգալի մասը, այլև ապագա արվեստասեր հանրույթ էր ձևավորում»,-նկատում է Նելլի Շահնազարյանը:

Ինչու է թատրոնի հանդիսատեսը նվազել հարցին  անվանի ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանն ունի իր պատասխանը:

«Մեր երկրում գործում է մի քաղաքականություն՝ Հայաստան առանց հայերի: Բոլորը գնում են իրենց հացը վաստակել, ինչ թատրոն, ինչ բան»:

Լուրջ արվեստի վիճակն, ըստ Ծատուրյանի, այստեղ իսկապես շատ լուրջ է: «Իսկ վաղն ընդհանրապես հանդիսատես չենք ունենալու, որովհետև երեխաների մուտքը թատրոն, ինչպես նշվեց,  օրենքով արգելված է»,-ասում է արվեստագետը:

Հանդիսատեսի հաճախելիության նվազման հիմքում անվանի թատերական գործիչն այնուամենայնիվ, տեսնում է նաև թատրոնների մեղքը: «Հանդիսատեսին գրավելու համար անընդհատ պետք է  նոր բան մտածել»,-ասում է Ծատուրյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button