Հասարակություն

Վաղ ամուսնություն, մարմնավաճառություն, մուրացկանություն. ՄԱԿ- ի զեկուցողը բարձրացնում է ՀՀ երեխաների խնդիրները

aidaavetisyan

Հայաստանում է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մոդե դե Բյոր-Բուքիքիոն՝ գնահատելու Հայաստանում  երեխաների վաճառքի, մարմնավաճառության  և պոռնոգրաֆիայի իրավիճակը: Յոթօրյա առաքելության ընթացքում  մարդու իրավուքների փորձագետը հանդիպել է  օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ներկայացուցիչների հետ, այցելել  Երևանում, Վանաձորում և Գյումրիում գտնվող  երեխաների խնամքի կենտրոններ ու ապաստարաններ: Այցելությունների  վերաբերյալ նախնական պատկերը ՄԱԿ-ի զեկուցողը ներկայացրել է այսօր, սակայն իր ամբողջական զեկույցը կներկայացնի 2016 թվականի մարտին՝ ՄԱԿ-ի Մարդու իրավուքների խորհրդին։

Երեխաների վաճառքի, մարմնավաճառության, պոռնոգրաֆիայի  հարցերով  ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մոդե դե Բյոր-Բուքիքիոն արդեն  7 օր է Հայաստանում է: Նպատակն է  ուսումնասիրել մեր երկրում երեխաներին առնչվող խնդիրները: Մարդու իրավունքների փորձագետի դիտարկմամբ՝  Հայաստանում դրանք  շատ են, սակայն առանձնացրեց մի քանիսը, որոնք պահանջում են  հատուկ ուշադրություն:

Օրինակ` անչափահասների  ամուսնությունը, որը  հատուկ է հատկապես եզդի համայնքին: Թեև օրենսդրական բարեփոխումների արդյունքում Հայաստաանում եզդիների օրինական ամուսնության տարիքը բարձրացվեց մինչև 18 տարեկան, սակայն լինում են   և բացառություններ:

«Ես կոչ եմ անում հայաստանյան իշխանություններին  իրազեկության  արշավներ կազմակերպել  եզդի համայնքի շրջանակներում՝ ակտիվորեն  ներգրավելով համայնքի  առաջնորդներին՝  կանխելու  անչափահասների ամուսնությունը։ Ավելին՝ աղջիկների և տղաների համար   կրթության մատչելիությունն ու  կյանքի հմտությունները  դարձնել  հավասար»:

Հաջորդ խնդիրը, որը  նույնպես հայտնվել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի ուշադրության կենտրոնում,  որդեգրության գործըթացն է, ինչն էլ , ըստ Մոդ դե Բյոր- Բուքիքիոնի, կարող է հանգեցնել  երեխաների վաճառքի: Երեխաների սեռականության շահագործումը նույնպես մտահոգիչ է, որն էլ իրականացվում է հատկապես  տեղեկատվական  տեխնոլոգիաների  միջոցով, ասում է միջազգային փորձագետը:

Երևանում և մարզերում  երեխաների խնամքի կենտրոններ և ապաստարաններ  կատարած այցի շրջանականերում  մարդու իրավուքների փորձագետը նկատել է, որ այդ կացարաններում  երեխաների թվի աճը պայմանավորված է երկրի  սոցիալ- տնտեսական  իրավիճակով:   Վերջին տարիներին Հայաստանի սոցիալ- տնտեսական վատթար պայմանները  հանգեցրել են  աղքատության մեծացմանը, աշխատանքային  միգրացիայի աճին  և ընտանեկան շաղախի թուլացմանը, ասում է Մոդե դե Բյոր-Բուքիքիոն։«Ես իմ այցելությունների ընթացքում հանդիպել եմ գիշերօթիկ հաստատությունների  երեխաների, որոնք այդտեղ են   հայտնվել ոչ թե որբացման, այլ՝  ծնողների սոցիալական  վատթար պայմանների պատճառով: Այսօրինակ երեխաները կազմում  են  մոտ 90 տոկոս»:

Երեխաների իրավունքների պաշտպանության հարցում խնդիր են  նաև  ծնողների դրդմամբ իրենց ընտանիքի ապրուստն ապահովելու  նպատակով մուրացկանությամբ և մարմնավաճառությամբ  զբաղվող  երեխաները: Սա ևս առաջնային խնդիր է՝ չնայած որ  2005- 2008 թվականների համեմատ  այսօր այդօրինակ երեխաների թիվը նվազել է: «Ֆինանսական նպաստներից զատ կառավարությունը պետք է  ստեղծի նաև ընտանիքին սատարող ծառայություններ՝  ապահովելով  որակյալ կրթության մատչելիությունն  ու   կյանքի հմտությունները»:

Նշենք, որ  ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն իր ամբողջական զեկույցը կներկայացնի մարտի 16-ին:

 

Ցուցադրել ավելի
Back to top button