Մշակույթ

Մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է

alisagevorgyan
Մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է, որին ավանդաբար նախորդում կամ հաջորդում է  թանգարանային գիշեր համաեվրոպական միջոցառումը: Այն այս տարի այն նշվեց  մայիսի 16-ին: Թանգարանների միջազգային խորհրդի` ԻԿՈՄ-նախաձեռնությամբ իրականացվող այս տոնն արդեն երկար տարիներ մեծ ոգևորությամբ իրականացվում է նաև Հայաստանում:


Թանգարանների միջազգային խորհրդի որոշմամբ 1977 թվականից մայիսի 18-ը նշվում է որպես թանգարանների միջազգային օր: Հետագայում այդ տոնին ավելացավ ևս մեկը` թանգարանային գիշերը, որը վերջին տարիներին մեծ իրարանցում է առաջացնում նաև Հայաստանում: Մինչև կեսգիշեր այցելուների առաջ դռները բացած թանգարաններն այդ օրը ներկայանում են նաև յուրահատուկ ծրագրերով: Համաեվրոպական տոնի շրջանակներում Էրեբունի արգելոց թանգարանը ևս մայիսի 16-ին ներկայացավ հագեցած ծրագրով: Դասախոսություններ, համերգ, զբոսանք էրեբունի միջնաբերդում և այլն: Թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը թանգարանների միջազգային օրվա առիթով գործընկերներին ուղղված շնորհավորանքներից զատ խոսեց  նաև ոլորտի խնդիրների մասին:

Գագիկ Գյուրջյանի համոզմամբ՝ պետք է առավել լուրջ և խորքային մոտեցում ցուցաբերվի այն նյութի նկատմամբ, որը ներկայացվում է թանգարաններում մասնավորապես արտասահմանյան զբոսաշրջիկներին: «Գիդերի տեքստերով, փաստորեն, մենք ներկայացնում ենք մեր երկրի  պատմությունն ու ներկա պաշտոնական պատմագիտությունը, որը հաճախ աղավաղվում է: Պետական քաղաքականությունն այս ոլորտում հստակեցնելու կարիք կա»,-ասում է թանգարանի տնօրենը:

Ոլորտի մի շարք խնդիրներ նա պայմանավորում է «Թանգարանների մասին» օրենքի բացակայությամբ: Սակայն պետք է նշեմ, որ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդամենը երկու օր առաջ լրագորղների հետ հանդիպմանը նշեց, որ հիշյալ օրենքի նախագիծն արդեն մշակվել ու ներկայացվել է ԱԺ-ի քննարկմանը:

Ոլորտի առաջնային խնդիրների ցանկում եղել և այսօր էլ շարունակում է մնալ աշխատավարձի խնդիրը: «Թանգարանային գործի մասնագետների աշխատավարձը ցածր է և անհուսալի»,-ասում է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հակոբյանը: Զուտ ազգային պատկերասրահին վերաբերող երկու հավերժական թվացող խնդիրների վերաբերյալ ևս լավատեսական որևէ լուծում չի նշմարվում:

Անդրադառնալով «Թանգարանների գիշեր» միջոցառմանը, Անուշ Հակոբյանը նկատում է.«Հայերը տարեց տարի ավելի մեծ ոգգևորությամբ են նշում այդ օրը: Մեզանում այն մշակութային տոնակատարության է  վերածվում, ինչը ինքնին ուրախալի է »:

2014-ի ընթացքում Հայաստանի ազգային պատկերասրահն ունեցել է 70 հազար այցելու: Այս տարվա արդյունքներն, իհարկե, անփոված չեն, բայց ակնհայտ է՝ այցելուների թիվը կտրուկ աճել է: Անուշ Հակոբյանը դա պայմանավորում է նաև պատկերասրահում կազմակերպով կրթական ծրագրերով: Յուրաքանչյուր շաբաթ օր այստեղ արվեստի պատմությանը նվիրված դասախոսություններ են  անցկացվում:

Ցուցադրել ավելի
Back to top button