Հասարակություն

Հայաստանում ներդրվում է սոցիալական աշխատողի ինստիտուտը

lianaeghiazaryan

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը վերանայում է սոցիալական աջակցության իր քաղաքականությունը: Այս գերատեսչության տարբեր ծրագրերի ոչ ճիշտ ուղղորդված ու երբեմն անարդյունավետ լինելու մասին գնահատականները հիմք տվեցին, ասենք, անցած տարվանից դադարեցնելու գործազրկության նպաստի վճարումը: Բյուջեում այսպիսով խնայված գումարն ուղղվում է գործազուրկ քաղաքացիներին մասնագիտական հմտությունների տրամադրմանը կամ դրանց զարգացմանը: Իսկ համաշխարհային բանկի տրամադրած շուրջ 20 մլն դոլարն էլ նախարարությունն ուղղում է Հայաստանում նոր՝ սոցիալական ծառայողի ինստիտուտի ներդրմանը:

Հանրապետությունում սոցիալական ծառայությունների երբեմն անարդյունավետ լինելու մասին դժգոհությունները հասել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Այստեղ խոստովանում են՝ երկրի 900-ից ավելի համայնքների անապահով բնակիչների խնդիրները բերել-ամբողջացնելը, ամենքի բոլոր հարցերին լուծում տալը դժվարին գործ է:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը հայտարարում է, որ այժմ լծվել են մի նոր դժվարին գործի՝ նոր համակարգի ներդրմանը, որի միջոցով, ինչպես իրենք են հավատում, պետք է ստացվի սոցիալապես անապահով խավին առավել ուղղորդված, առավել ամբողջական ու արդյունավետ օժանդակության տրամադրումը:

Առաջին քայլն արդեն արված է՝ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Սոցիալական աջակցության մասին» օրենքը, որը դեռ ենթադրում է երկու տասնյակ ենթաօրենսդրական ակտերի ընդունում եւ ներդրում տարբեր օղակներում: Արտեմ Ասատրյանը, ներկայացնելով օրենքի նպատակն ու դրանից ակնկալիքները, հայտարարում է՝ կարեւորագույն նորամուծություններից մեկը համայնքներում սոցիալական ծառայողի ինստիտուտի ներդրումն է:

Սկզբունքը մեկն է, ասում է սոցապնախարարը՝ սկսել ներքեւից: Այսինքն՝ սոցիալական աշխատանքի հիմքում դնել անձի անհատական կարիքները: Այդ կարիքները պետք է գնահատվի սոցիալական ծառայողի կողմից: Հանրապետությունով մեկ պետք է աշխատանքի անցնի շուրջ 520 վերապատրաստված մասնագետ՝ որպես սոցիալական ծառայող: Նրանք պետք է շփվեն հասարակության ամենատարբեր խմբերի հետ ու առանձնացնեն նրանց առջեւ ծառացած առողջական, կրթական, սոցիալական խնդիրները եւ այդ խնդիրներն ուղղորդեն լուծման համապատասխանաբար առողջապահական, ուսումնական, սոցիալական պաշտպանության եւ ոստիկանական օղակներին:

Այս գործընթացը սոցապնախարարությունում անվանում են դեպքի վարում: Թե սոցիալական ծառայողն իր թիմով ում, ինչ կարգով, ինչ ժամկետում պետք է դիմի այս կամ այն անձի այս կամ այն խնդիրը լուծելու նպատակով, պետք է սահմանվի կոնկրետ նորմերով: Բայց ծրագիրը նախաձեռնողները խոստանում են, որ բազմամասնագիտացված թիմային աշխատանք կտարվի:

Մի օրինակ՝ եթե երեխան սկսում է հաճախ բացակայել դասերից կամ վարքային կտրուկ փոփոխություններ է դրսեւորում, սա արդեն սոցիալական աշխատողի ուշադրության հարց է։ Նա պետք է խնդիրն արձանագրի ու դպրոցի, առողջապահական ու սոցիալական համապատասխան օղակների մասնագետների լուծմանն ուղղորդի:

Կամ եթե ընտանիքում կա հարբեցողության խնդիր՝ դրանից բխող հետեւանքներով՝  սոցիալական անապահովություն, անչափահասի աշխատել ու դասի չհաճախել, սա եւս սոցծառայողի ուշադրության առարկան պետք է լինի:

Սոցապնախարարը շեշտում է եւս մեկ կարեւոր հարց՝ սոցիալական ծառայություններն աստիճանաբար պետք է կենտրոնացվեն մեկ կետում՝ մեկ հաստատությունում, որպեսզի մի քանի փաստաթղթի համար անձը ստիպված մի քանի դուռ չթակի, հերթով կառույցից կառույց չգնա: Արդեն 19 միասնական ընդունարան  է գործում, առաջիկա տարիներին դրանք պետք է հասցվեն 55-ի։ «Չինովնիկն ամեն դեպքում պետք է վերցնի քաղաքացու դիմումը, անգամ եթե նա մերժում է քաղաքացուն: Դիմումը պետք է լինի գրավոր, պատասխանը` նույնպես»:

Բայց ծրագիրը թերի կողմեր էլ ունի՝ ռեսուրսի անբավարարություն: Նախնական ծրագրով՝ 1 սոցաշխատողը պետք է զբաղվի շուրջ 10 հազար քաղաքացու խնդիրներով: Իհարկե՝ սոցապնախարարությունում փորձում են փարատել այս մտահոգությունը եւ «Ռադիոլուր»-ի դիտարկմանն ի պատասխան շեշտում են, որ քաղաքացիների խնդիրներով զբաղվելու է մի ամբողջ թիմ, բայց միեւնույնն է՝ սա չափազանց փոքր ռեսուրս է, որ ծրագիրն իրոք իրականացվի ըստ նախատեսվածի, որպեսզի սոցիալական ծառայողի օգնությունը ժամանակին հասնի գյուղեր, թիրախավորված ուղղվի անապահով ընտանիքներին:

Սոցապնախարարն այս հարցին այլ կողմից էլ է մոտենում: «Խիստ անհրաժեշտ է, որ քաղաքացին իրազեկ լինի իր իրավունքներից, ամեն կատարված ծրագրից: Այլապես՝ մեր աշխատանքն անօգուտ կլինի»:

Իսկ որպեսզի քաղաքացին հեշտ ու մանրամասն իրազեկվի իր իրավունքներին՝ առաջիկայում նախատեսվում է գործարկել էլեկտրոնային մի պորտալ, որտեղ մատչելի ու ամբողջական կներկայացվի ամեն անձի իրավունքը՝ ըստ կատեգորիայի, հաշմանդամության խմբերի, տարիքի, սեռի, բնակության վայրի: Էլեկտրոնային այս կայքի պատրաստման աշխատանքները մոտ են ավարտին, սպասվում է, որ բազմաբովանդակ այս կայքն առաջիկայում արդեն հասանելի կլինի:

Ցուցադրել ավելի
Back to top button