Հասարակություն

Բորբոքվող կրքեր՝ որոշ բուհեր Գյումրի տեղափոխելու նախաձեռնության շուրջ

karenghazaryan
Կրքեր են բորբոքվում մայրաքաղաքի մի շարք բուհեր Գյումրի տեղափոխելու նախաձեռնության շուրջ: Նախաձեռնության կողմնակիցները գտնում են, որ դրանով մի շարք խնդիրներ կլուծվեն, մասնավորապես՝ կբեռնաթափվի մայրաքաղաքը եւ նախադրյալներ կստեղծվեն Գյումրին զարգացնելու համար: Դեմ արտահայտվողները, մինչդեռ, համոզված են, որ բուհերը կահույք չեն, որ վերցնես ու տեղափոխես, հետեւաբար, նրանց պնդմամբ, բոհերի տեխափոխմամբ կոչնչացվեն տվյալ բուհերը, իսկ փոխարենը ոչինչ չի ստացվի: Այս հարցի շուրջ այսօր բանավեճ է կազմակերպել «Հայելի» մամուլի ակումբը:

 

Մայրաքաղաքի մի շարք բուհեր Գյումրի տեղափոխելու նախաձեռնության հեղինակներից ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը կարծում է, որ դրանով կլուծվի մի քանի խնդիր:

«Առաջինը, դա տարաբնակեցման խնդիրն է:  Քաղաքի կենտրոնը նոր կառուցապատումներից զերծ պահելու համար, եթե մենք բեռնաթափում ենք բուհական համակարգի շենքերը, դրանք կարող են վերածվել այլ բնույթի շենքերի եւ այդ նույն գումարներով վերակառուցվում է բուհական նոր համակարգ»:

Բացի այդ, ըստ ճարտարապետի, բեռնաթափվելիք բոլոր շենքերը հնամաշ են եւ ոչ սեյսմակայուն: Միաժամանակ, Գուրգեն Մուշեղյանի գնահատմամբ, կստեղծվի ներդրումային դաշտ, որի հաշվին զարգացում տեղի կունենա Գյումրիում: Մուշեղյանը մի քանի այլ հիմնավորումներ եւս բերեց, սակայն, բոլոր հիմնավորումներն անհիմն են համարում ծրագրին դեմ արտահայտվողները: Մանկավարժաման համալսարանի պրոֆեսոր Արթուր Մարտիրոսյանն, օրինակ, համոզված է, որ նման ծրագիրը չի կարող իրագործվել, քանի որ բուհերը, ընդհանրապես, միայն շենք-շինություն չեն պարզապես:

«Նեոբոլշեւիզմյան հոտ կա դրա մեջ, որ՝ եկեք կտրենք-տանենք այնտեղ տեղավորենք: Այդպես չի լինում: Դա պիտի բնական գործընթաց լինի, ինչպես որ բույսն է աճում»:

Որեւէ դրական արդյունք ես չեմ տեսնում դրանում: Պետք է բնության օրենքներով առաջնորդվել, ոչ թե հեղափոխական որոշումներով՝ հավելեց բանախոսը: Նրա խոսքով՝ պետք է զարգացնել տվյալ քաղաքներում գործող մասնաճյուղերը:

Հոգեբան Սամվել Խոդոյանի գնահատմամբ՝ բուհը կահույք չէ, որ տեղափոխես, այն ունի իր համակարգը՝ գրադարաններ, հանրակացարաններ, դասախոսական անձնակազմ: Հոգեբանը բուհերի տեղափոխման գաղափարը աբսուրդի ժանր է համարում: Նա անգամ մասնաճյուղի գաղափարն է փոքր-ինչ անհասկանալի համարում:

«Աբսուրդի գագաթն է եւ ավելին հնարավոր չէ պատկերացնել, թե ինչ ֆանտազիա պետք է ունենաս: Ոչ թե այստեղ կփակվի, այնտեղ կբացվի, այլ կստեւղծվի բոլորովին այլ բան: Բայց դրանից կշահեն մասնավոր բուհերը: Որովհետեւ դասախոսական լավ անձնակազմը չի գնա եւ նրանք կանցնեն մասնավոր բուհերի տիրույթ»:

Չեն գնա նաեւ այն ուսանողները, ովքեր նախընտրում են Երեւանում սովորելը: Հոգեբանը կարծում է, որ անհիմն են նաեւ Երեւանի ծանրաբեռնվածության մասին հիմնավորումները: Նա այլ խնդիր է համարում, որ մարզերում զարգացման ծրագրերի անհրաժեշտություն կա: Ճարտարապետ Ֆերդինանդ Առաքելյանն էլ հարցրեց.

«Իսկ ինչու՞ գործարանները չեն տանում: Դա էլ բեռնափափում է: Եթե այնտեղ գործարան չի աշխատում, բու ինչպես են պահելու: Վերջին հաշվով՝ ինչ բան է բեռնաթափում – արդեն բեռնաթափված է՝ խորհրդային ուսանողների քանակն ինչքան էր եւ հիմա ինչքան է: Այդ ոնց է, որ հիմա բեռնաթափման անհրաժեշտություն կա: Չի կարելի այդպես մտածել: Դա ամենաողորմելի ձեւն է»:

Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն էլ ասաց, որ արվեստի կրթօջախի առումով ինչ-որ կերպ կարելի է պատճառաբանել Գյումրի տեղափոխելը, այլ դեպքերում, սակայն, դա պատկերացնելը հնարավոր չէ: Դեմ արտահայտվողները կարծում են, որ ամեն ինչ պետք է աստիճանաբար, տասնյակ տարիների ընթացքում ու նորը կառուցելով լինի:

Back to top button