ԿարևորՔաղաքական

Կառավարման խորհրդարանական համակարգում ո՞ւմ վրա է դրվում գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթը

lusinevasilyan
Կառավարման խորհրդարանական համակարգում ո՞ւմ վրա է դրվում գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթը, ով է դառնում  ներքին եւ արտաքին կայունության երաշխավորը: Այս հարցն ամենաքննարկվողն ու վիճահարույցն է  սահմանադրական բարեփոխումների գործընթացում: Խորհրդարանական մոդելի ներդրումը մերժող քաղաքական ուժերը  ամենախոցելին համարում են հենց այս խնդիրը, պաշտպանող ուժերը  վստահեցնում են, որ լուծումներ կան: «Ռադիոլուրի»  հետ զրույցում մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը մանրամասնել է, թե ինչ մոդելներ  ու հնարավոր տարբերակներ կան:

 

 

Սահմանադրական հանձնաժողովի անդամների հետ մարտին տեղի ունեցած  հանդիպման ժամանակ  հանրապետության նախագահը ոչ միայն հավանություն տվեց մշակված հայեցակարգին ու  հանձնաժողովի առջև խնդիր դրեց առավելագույնը 10 ամսվա ընթացքում մշակել  փոփոխությունների նախագիծը, այլ նաև խոսեց իր մտահոգությունների մասին: Սերժ Սարգսյանը, մասնավորապես,  նշեց, որ առայժմ հստակ չէ, թե առաջարկվող խորհրդարանական մոդելի պայմաններում ինչպես է երաշխավորվելու երկրի արտաքին ու ներքին անվտանգությունն ու կառավարման համակարգի կայունությունը, որոնք, ըստ նախագահի,  ապահովված են  կառավարման գործող մոդելի պայմաններում:

Հարցը շարունակում է քննարկվել նաև այսօր  ու դեռևս  մնալ ամենաանորոշը:

Կառավարման  խորհրդարանական համակարգում ո՞ւմ վրա է դրվում գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթը. այս հարցին հանձնաժողովը դեռևս չի անդրադարձել և դա պատրաստվում է անել առաջիկայում, երբ կսկսի քննարկել նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը վերաբերող գլուխների մշակումը: Մինչ այդ «Ռադիոլուրի» հետ զրույցում հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը մանրամասնում է, թե որոնք են լուծման  հնարավոր տարբերակները:

«Պառլամենտական համակարգում կան տարբեր մոդելներ: Դրանցից մեկը իսրայելականն է, որտեղ գերագույն գլխավոր հրամանատար հասկացություն չկա, կա բանակ, որը ենթակա է կառավարությանը և գտնվում է պաշտպանության նախարարի իրավասության ներքո: Նախագահը բանակի հետ կապված որևէ դերակատարում չունի»:

Մյուս մոդելը  գերմանականն է: Այն, ի տարբերություն իսրայելականի,  պատերազմական իրավիճակում փորձարկված չէ: Ի դեպ, այս  մոդելը տարբերակում է գերագույն գլխավոր հրամանատարության երկու դեպք՝ խաղաղ պայմաններ, երբ հրամանատարը պաշտպանության նախարարն է, և պատերազմական, երբ այս գործառույթը դրվում է կանցլերի վրա:

«Սա մոդել է, որը չի փորձարկվել, բայց բավական ռացիոնալ է: Պատերազմական վիճակը պահանջում է բոլոր ուժերի մոբիլիզացում և տրամաբանական է, որ պատերազմական իրավիճակում կանցլերին է անցնում այդ իրավասությունը: Մեկ այլ  առանձնահատկություն էլ կա. պատերազմական վիճակում «մինի պառլամենտ»  են ձևավորում, որը կազմվում  է երկու պալատների ներկայացուցիչներից, և  հիմնական որոշումները կայացվում են ադ համատեղ կոմիտեում»:

Եվ վերջապես երրորդ տարբերակը ավանդական, իսկ  Վարդան Պողոսյանի ձևակերպմամբ, ամենապարզ ու տարածված  մոդելն է:

«Այս դեպքում նախագահը, անկախ այն բանից՝ գործադիր իշխանությունում ռեալ ազդեցություն ունի թե ոչ, ձևականորեն հանդիսանում է գերագույն գլխավոր հրամանատար, բայց բոլոր ֆունկցիաների իրականցումը դրվում է կամ վարչապետի, կամ իրավասու նախարարի վրա: Հրամանատարական կազմը նշանակվում է նախագահի կողմից, բայց միայն վարչապետի կամ պաշտպանության նախարարի առաջարկությամբ: Այլ կերպ ասած՝ նախագահը ընդամենը նոտարական ֆունկցիա է կատարում»:

Հայաստանի դեպքում հանձնաժողովը պետք է ընտրություն կատարի այս երեք տարբերակների միջև: Այդ ընտրությունը դեռ կատարված չէ:

«Կարծում եմ, մենք մոտակա ժամանակներում, երբ կանցնենք կառավարման համակարգին վերաբերող գլուխներին, այս հարցին կանդրադառնանք  և կգտնենք օպտիմալ լուծումներ»:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button