Միջազգային

Պայքար Սերբիայի համար. Բելգրադում է ՌԴ ԱԳ նախարարը

marlenahovsepyan

Բելգրադում այսօր կայացել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունները Սերբիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչի հետ: Սերգեյ Լավրովը ողջունել է Սերբիայի որդեգրած կեցվածքը Ռուսաստանի հետ հարաբերություններում, այն անվանելով համաեվրոպական:Նա ընդգծել է, որ ողջունելի է Բելգրադի դիրքորոշումը՝ շարժվելով դեպի Եվրամիություն չխզել կապերը Մոսկվայի հետ:«Շատ չեն երկրները, որոնք նման դիրքորոշում ունեն և չեն շարժվում «կամ… կամ» սկզբունքով»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Իվիցա Դաչիչն իր խոսքում այսօր էլ հաստատել է, որ Բելգրադը շարունակելու է վարել չեզոք քաղաքականություն: «Շատ հաճախ Բրյուսելից կարելի է լսել, որ Սերբիան պետք է ընտրություն կատարի: Սակայն մեր քաղաքականությունը քաջ հայտնի է. մենք ցանկանում ենք դառնալ Եվրամիության անդամ, դա, սակայն, չի նշանակում, որ մենք դադարեցնելու ենք շփումները մեր ընկերների՝ նախևառաջ Ռուսաստանի հետ»:

Սերբիայի արտգործնախարարը նաև անդրադարձել է կարևորագույն հարցի՝ Մոսկվայի հետ էներգետիկ համագործակցությանը:«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ Դաչիչը վերահաստատել է Սերբիայի մոտեցումը. ռուսական գազի մատակարարումները Եվրոպա պետք է իրականացվեն ոչ միայն «Հյուսիսային հոսքով», այլև՝ հարավային երթուղով:

Ի դեպ՝ ռուսական մամուլը Լավրովի այցը Բելգրադ որակել է որպես որոշիչ «մարտ» Մոսկվայի և Արևմուտքի միջև բալկանյան հանգուցային այդ պետության համար: «Կոմերսանտը» գրում է, որ Ռուսաստանի արտգործնախարարի այցն ունի սկզբունքային նշանակություն, քանի որ մոտենում է շահագրգիռ կողմերի միջև Սերբրայի համար մղվող պայքարի ակտիվացման փուլը:

Մինչեւ  Բելգրադ մեկնելը՝ Սերգեյ Լավրովը սերբական «Պոլիտիկա» հրատարակությանն ասել էր, որ Սերբիան կարող է լիովին ակնկալել Մոսկվայի աջակցությունը Կոսովոյի խնդրում: Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները գրել էին, որ Բալկանները կարող են դառնալ Ուկրաինայի հետո Ռուսաստանի  հերթական «աշխարհաքաղաքական ագրեսիայի» թիրախը՝ չբացառելով, որ նպատակներին հանելու համար Մոսկվան պատրաստ է հարված հասցնել տարածաշրջանի երկրներին՝ թերակղզին վերածելով նոր թեժ կետի:

Ցուցադրել ավելի
Back to top button