ԿարևորՏնտեսական

ՀՀ նախագահը Կոտայքում ծանոթացել է ջերմատնային համալիրների աշխատանքին

karenghazaryan

Աշխատանքային այցով այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եղել է Կոտայքի մարզում: Երկրի ղեկավարը այցելել է մարզի Գողթ համայնքում գտնվող «Էկոտոմատո» ընկերության վարդերի ջերմատնային համալիր, ծանոթացել վերջին շրջանում արտադրական ծավալների ընդլայնման ուղղությամբ ընկերության իրականացրած աշխատանքներին, ներդրումային եւ զարգացման ծրագրերին: Նախագահ Սարգսյանը նույն համայնքում գտնվող «Արմյանսկիյ ուրաժայ» ընկերության վարունգի աճեցման ջերմատնային տնտեսությունում մասնակցել է ջերմոցային տնտեսության նոր տարածքի բացման արարողությանը: Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում էլ երկրի ղեկավարն այցելել է «Պրոգրես Ագրո» ընկերության վարունգի աճեցման ջերմատնային տնտեսություն, որտեղ Հայաստանի նախագահին ծանոթացրել են իրականացված աշխատանքներին եւ ընկերության առաջիկա ծրագրերին։

2011 թ.-ին հիմնադրված «Էկոտոմատո» ընկերությունը Կոտայքի մարզի Գողթ համայնքում սկսել է շահագործել հոլանդական վարդերի աճեցման համար նախատեսված 2 հա ընդհանուր մակերեսով ջերմատնային տնտեսություն: Ներդրումային ծրագիրը կազմել է շուրջ 1 մլրդ 900 հազար դրամ:

Նախագահ Սերժ Սարգսյանն այստեղ այցելել էր դեռ 2011-ի ապրիլին: Այսօր այն անճանաչելի է դարձել: Ներկայումս ընկերությունը կառավարում է 8 հա ընդհանուր մակերեսով ջերմատնային համալիր: Այդ ամբողջը կառուցելու համար ներդրվել է շուրջ 7 մլրդ 700 հազար դրամ: Ընկերության տնօրեն Արսեն Սանդոյանն ասաց, թե գոհ է, որ գյուղատնտեսությունը եւ մասնավորապես ջերմատնային տնտեսությունները նախագահի ուժշադրության կենտրոնում են:

Ընկերությունում ստեղծվել է շուրջ 120 աշխատատեղ: Աշխատավարձը 140 հազար դրամ է: Այստեղ աշխատում են ինչպես Գողթ համայնքի բնակիչներ, այնպես էլ գառնեցիներ:

Գողթ համայնքում են գտնվում նաեւ «Արմյանսկիյ ուրաժայ» ընկերության 10.5 հա ընդհանուր մակերեսով վարունգի ջերմոցները: Ընկերությունը դրանց կառուցման համար ներդրել է մոտ 10 մլրդ դրամ: Այստեղ նախագահին տեղեկացրին, որ ջերմոցային տնտեսությունը ընդլայնելու են եւս 20 հեկտարով:

Երկրի ղեկավարը մասնակցեց նոր հատվածի բացմանը:  Ընկերության տնօրեն Արամ Ղարիբյանի փոխանցմամբ՝ այս պահին աճեցնում են երկու տեսակի վարունգ: Արտադրանքի 90-95 տոկոսն արտահանվում է ՌԴ եւ Վրաստան: Նախատեսված է, որ այստեղ նաեւ այլ բանջարաբոստանային կուլտուրաներ կաճեցվեն:

Գողթ համայնքի ղեկավար Արտավազդ Հակոբյանը մեզ հետ զրույցում նույնպես շեշտեց, որ համայնքում զբաղվածության խնդիրը 80 տոկոսով լուծված է, այդ թվում՝ ե՛ւ վարդերի, ե՛ւ վարունգի ջերմոցային տնտեսությունների շնորհիվ:

Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Կոտայքի մարզ աշխատանքային այցի վերջին կանգառը Նոր Գեղիի տարածքում շուրջ 50 հա ընդհանուր մակերեսով «Պրոգրես Ագրո» ընկերության ջերմոցային համալիրն էր: Այն կառուցվել է անցած տարի՝ ֆրանսիական նորագույն տեխնոլոգիաներով: 20 հեկտարի վրա արդեն աճեցվում է  վարունգ: Ընկերությունն իր առաջին բերքը սպասում է  մայիսի վերջերին: Այն առավելապես արտահանվելու է:

Ընկերության հիմնադիր Սամվել Կարապետյանն ասաց, որ դրսում հայկական բանջարեղենն ընդունված է իր որակի համար: Տնօրենի խոսքով՝ ընկերությունում աշխատում է Նոր Գեղի համայնքի 20 տոկոսից էլ քիչ, սակայն հույս ունեն, որ մինչեւ տարեվերջ աշխատատեղերի թիվը կհասցնեն 500-ի՝ զգալիորեն լուծելով նաեւ համայնքի զբաղվածության խնդիրը:

Ցուցադրել ավելի
Back to top button