Բարձրացնել վստահությունը Բոլոնիայի գործընթացի նկատմամբ. ավարտվեց բարձրագույն կրթության եվրոպական գագաթաժողովը (լրացված)


լրացվել է ժամը 18։16- ին
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր ևս շարունակվել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը: Համաժողովի երկրորդ օրը քննարկվել և ընդունվել է երևանյան կոմյունիկեն: Ելույթ ունեցողները հիմնականում բարձր են գնահատել կատարված աշխատանքը՝ նշելով, որ կոմյունիկեի նախագծի նախնական տարբերակը, որը ներկայացվել է պատվիրակներին, կատարաված է պրոֆեսիանալ թիմի կողմից և բովանդակային առումով հիմնականում ընդունելի է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի բոլոր երկրների համար: Գագաթաժողովի փակմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ավարտին նախարարները հանդես են եկել համատեղ ասուլիսով, որտեղ էլ ամփոփել են այս 2 օրերի ընթացքում կատարված աշխատանքն ու ձեռքբերումները։
Ավարտվեց Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական 9-րդ գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը: Եզրափակիչ նիստում միաձայն հաստատվեց երևանյան կոմյունիկեն և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի հռչակագիրը: Առաջին անգամ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական կոմյունիկեում ամրագրվել է կոնֆլիկտային տարածքներում ուսանողների շարժունության և կրթության իրավունքի հարցը, որը շրջադարձային սկզբունք է համաեվրոպական կրթական քաղաքականության համատեքստում:
Անդրադառնալով Բոլոնիայի գործընթացի հեռանկարներին և մարտահրավերներին՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը առանձնացրեց նաև աշխատաշուկայի կարիքների բավարարմանը միտված կրթության բովանդակության ստեղծումը: Ըստ նրա՝ պետք է թիրախային աջակցություն ցուցաբերել այդ խնդիրն ունեցող բոլոր երկրների համալսարաններին: Նախարարը կարծում է, որ ապագայի մարտահրավերներից կարևոր նշանակություն ունի նաև Բոլոնիայի գործընթացի նկատմամբ վստահության բարձրացումը՝ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի անդամ երկրների հասարակություններում:
Քննարկման ընթացքում համաժողովի ներկայացուցիչներն անդրադարձել են նաև ԵԿԲՏ տարածքում ուսանողների ֆինանսական վիճակի բարելավմանը՝ որպես համընդհանուր խնդիր: Նշվել է, որ ըստ վերջին ուսումնասիրությունների` ուսանողների ֆինանսական վիճակը համաշխարհային տնտեսական վերջին ճգնաժամից հետո վատթարացել է բոլոր երկրներում: Նշվեց նաև, որ այս խնդրի կարգավորման ուղղությամբ կարևոր է ուսանողների ներգրավումը բարձրագույն կրթության քաղաքականության մշակման գործընթացում, ինչպես նաև ուսանողների մոտ սովորելուն զուգահեռ աշխատելու և ամբողջ կյանքի ընթացքում սովորելու սկզբունքի որդեգրումը:
Անդարադարձ կատարվեց նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ֆինանսավորման, պրոֆեսորադասախոսական անձնակազմի շարունակական վերապատրաստումների խնդիրներին:
Հանդիպման ավարտին գագաթաժողովի մասնակիցները հանդես եկան համատեղ ասուլիսով՝ ամփոփելով այս 2 օրերի ընթացքում կատարված աշխատանքն ու ձեռքբերումները:
Լատվայի հանրապետության կրթության և գիտության նախարար Մարիտե Սեյլեն նկատեց, որ բարձրագույն կրթության նպատակն է բարելավել աշխատաշուկայում պահանջարկն ու զբաղվածությունը, միևնույն ժամանակ ապահովելով ժողովրդավարական հասարակություն:
Բոլոնիայի գործընթացը եվրոպական պետությունների միասին աշխատելու գերազանց օրինակ է, իր հերթին նկատեց Իսլանդիայի կրթության, գիտության և մշակույթի նախարար Իլուգի Գունարսոնը:
Եվրոպական հանձնաժողովի կրթության արդիականացման տնօրինության տնօրենի պաշտոնակատար Ադամ Թայսոնն էլ նշեց, որ Բոլոնիայի գրծընթացը ցույց է տալիս այն ճիշտ ճանապարհը, թե ինչպես կարելի է կյանքի կոչել մեր բոլորի հանձնարարությունն ու ինչպես կարելի է աշխատել գործընկեր պետությունների հետ թե ԵՄ-ի սահմաններում, թե ԵՄ սահմաններից դուրս:
Ամփոփելով գագաթաժողովի աշխատանքները՝ ներկայացուցիչները կարևոր ձռքբերում համարեցին նաև Բելառուսի անդամակցությունը Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին: