Արդյունավետ կառավարման ուղիները՝ տարածաշրջանային համաժողովում


Երևանում այսօր վաղ առավոտյան իր աշխատանքներն է սկսել «Արդյունավետ կառավարում և մասնակցություն. Սևծովյան տարածաշրջան» խորագիրը կրող տարածաշրջանային համաժողովը: Յուրաքանչյուր երկրում համաժողովները անցկացվում են տարբեր խորագրերով:
Բաթումի, Քիշնև, Օդեսա, Ստամբուլ, հերթական կանգառը Երևանում է: Թափանցիկ աշխատանք, քաղաքացիական հասարակության ձևավորում և մասնակցություն կառավարման համակարգին և ոչ միայն: Տեղական ու տարածքային կառավարման մարմիններում խնդիրները շատ են. դրանց լուծման ուղիներից մեկն էլ տարբեր երկրների հետ փորձի փոխանակումն է:
Այսօր մեկնարկած «Արդյունավետ կառավարում և մասնակցություն. Սևծովյան տարածաշրջան» խորագիրը կրող տարածաշրջանային համաժողովի ընթացքում էլ փնտրելու և փորձելու են գտնել արդյունավետ կառավարման ուղիները: Համաժողովը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ է կյանքի կոչվել, նպատակը նաև Սևծովյան տարածաշրջանի երկրների միջև փորձի փոխանակումն է:
Մասնակիցները տարբեր են, համոզմունքը մեկը՝ արդյունավետ կառավարման հաջողությունը քաղաքացիների ներգրավվածությունն է կառավարման համարկարգում: Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը վստահեցնում է՝ անում են ամեն ինչ, որ մայրաքաղաքի բնակիչներին մասնակից դարձնեն մայրաքաղաքի կառավարմանը:
Պետական ու մասնավոր հատվածի կարծիքներն այս հարցում չեն համընկնում: Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն օրինակ ՀՀ քաղաքացիների մասնակցությունը կառավարման համակարգին անբավարար է գնահատում:
Համագործակցելով Ավստրիայի քաղաքապետարանի հետ կյանքի է կոչվել նաև «Կառավարում և մասնակցություն. Սևծովյան տարածաշրջան» գիրքը, որի խմբագիրը Վիեննայի Go-Governance ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Մելանի Սուլլին է: