Հասարակություն

Անվճար սքրինինգ ծրագրեր՝ առաջիկա տարիներին

lianaeghiazaryan
Առողջապահության նախարարությունը փորձում է Հայաստանում կանխել մահվան ամենալուրջ պատճառ հանդիսացող ոչ վարակիչ հիվանդությունների տարածումը ու փորձում է քայլեր ձեռնարկել ժամանակին դրանք բուժելու ուղղությամբ: Սրտանոթային հիվանդություններ, չարորակ նորագոյացություններ եւ շաքարային դիաբետ. առողջական այս երեք լրջագույն խնդիրները ժամանակին ախտորոշելու նպատակով առաջիկա երեք տարիներին բոլոր պոլիկլինիկաներում անցկացվելու է անվճար սքրինինգ ծրագիր:

Հայաստանում մահացության հիմնական բաժինը՝ մոտ 80 տոկոս, բաժին է ընկնում ոչ վարակիչ հիվանդություններին. առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են՝ մոտ 50 տոկոս, ապա՝ չարորակ նորագոյացությունները՝ 20 տոկոս, երրորդ տեղում՝ շաքարային դիաբետը՝ 5 տոկոս: Ի դեպ` Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ` այս առումով մեր երկրի ցուցանիշերն առանձնապես չեն տարբերվում այլ երկրների միջին վիճակագրական թվերից: Բայց իրավիճակի թելադրանքով առողջապահության նախարարությունը հաստատել է միջոցառումների ցանկ` մեկնարկ տալով «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրին: 2015-2018թթ ընթացքում եռամյա կտրվածքով պոլիկլինիկաներում զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման, կանխարգելման և վերահսկման ուղղությամբ անցկացվում է անվճար սքրինիգ ծրագիր:

«Զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի ախտորոշման թիրախային խմբերում ընդգրկված են 35-68 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները, իսկ արգանդի պարանոցի նախաքաղցկեղի վաղ ախտորոշման և քաղցկեղի կանխարգելման թիրախային խմբում՝ 30-60 տարեկան բոլոր կանայք: Այս անձինք կարող են այցելել պոլիկլինիկա և անցնել անվճար հետազոտություններ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ԱՆ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանը: Բայց արդյոք մեր պոլիկլինիկաներն ունեն պատշաճ հնարավորություն` արդյունավետ իրականացնելու այս հետազոտությունները: Զուլոյանի հավաստմամբ` բոլոր բժշկական հաստատությունները, որոնք տվյալ հետազոտություններն իրականացնելու համար կարիք ունեն բժշկական սարքավորումների եւ պարագաների, միանշանակ հագեցվում են:

Ոչ վարակիչ հիվանդությունների մասին հանրային իրազեկում, զանգվածային հետազոտություններ, մասնագետների կրթում. այս երեք հիմնադրույթներն են ծրագրի հիմքում: Ծրագիրը մեկնարկել է այս տարվա հունվարի 1-ից: Մայիսի 1-ի դրությամբ իրականացվել է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի մոտ 56 հազար չափում, զարկերակային գերճնշման 80 հազար և ՊԱՊ քսուքի 7150 հետազոտություն: Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի խոսքով` նախարարությունն աշխատում է նաեւ բուժման չափորոշիչների հստակեցման ուղղությամբ` նպատակ ունենալով դրանք հավասարեցնել արտերկրի կլինիկաների չափանիշերին: Նախարարությունում համարում են, որ ընտրված ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերումը և վերահսկումը թույլ կտա կանխել դրանց հետագա զարգացումն ու մահվան ելքերը: Խաչատրյանը նաեւ հույս է հայտնում, որ Հայաստանում կհաջողվի կյանքի կոչել Ուռուցքաբանության գերազանցության կենտրոն ունենալու ծրագիրը, և այս կենտրոնում կունենանք ժամանակակից ուռուցքաբանությանը բնորոշ բոլոր գործիքները:

Ցուցադրել ավելի
Back to top button