Հասարակություն

Սիսի կալվածքները վերադարձնելու պահանջը՝ շրջադարձ

karenghazaryanlenabadeyan
Ապրիլի 28-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Սիսի կալվածքները վերադարձնելու պահանջով: Ի՞նչ զարգացումներ են սպասվում խնդրի հետ կապված եւ որքանո՞վ դա կդառնա սկիզբ՝ հայոց պահանջատիրությունն առաջ մղելու համար: Այս հարցերի շուրջ այսօր իրենց դիտարկումներն են լրագրողներին ներկայացրել ԳԱԱ պատմության ինստիտուտի հայկական հարցերի բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը եւ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

 

 

 

Սիսի կալվածքները վերադարձնելու պահանջը տեղավորվում է համահայկական հռչակագրի տրամաբանության մեջ, որտեղ կան որոշակի շեշտադրումներ, որոնց համաձայն՝ մեր պայքարն այլեւս չպետք է սահմանափակվի միայն ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացով, եւ առաջ է քաշվում հետեւանքների հաղթահարման հիմնախնդիրը: ԳԱԱ պատմության ինստիտուտի հայկական հարցերի բաժնի վարիչ Արմեն Մարուքյանի ձեւակերպմամբ՝ դա շրջադարձ է եւ, ըստ էության, պահանջատիրության դիվանագիտական ձեւակերպում: Ինչ վերաբերում է Կիլիկիո կաթողիկոսության պահանջին.

«Սա առաջին դեպքն է, երբ հայկական կառույցն է դիմում դատական ատյանի: Եղել են անհատական հայցեր, գիտենք, ապահովագրական ընկերությունների դեմ ԱՄՆ-ում դատական հայցեր էին ներկայացվել» :

Արմեն Մարուքյանը կարեւորում է, որ հայցը ներկայացվեց ապրիլի 24-ից հետո: Թուրքական քաղաքական էլիտան ու լրատվամիջոցները կարծում էին, որ ապրիլի 24-ով ամեն ինչ ավարտվելու է: Ապրիլի 28-ին ներկայացված հայցը, սակայն, խոսում է այն մասին, որ ոչինչ չի ավարտված, այլ նոր սկիզբ է՝ արդեն նաեւ իրավական հարթությունում:

«Շատ կարեւոր է, որ այդ հայցը հեռահար նպատակ ունի՝ չսահմանափակվել միայն Թուրքիայի դատական համակարգով, այլ միտված է, մերժման պարագայում, հայցը վերահասցեագրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ ընթանում է Փերինչեքի դատավարությունը: Արամ Առաջինի հայցի տեղափոխումը ՄԻԵԴ որոշակի հավասարակշռություն կստեղծի նաեւ այս դատական ատյանում»:

Թուրքիայի ՍԴ-ի հետ մեծ հույսեր չեն կապվում: Խնդիրներ կան: Սակայն, ամեն դեպքում, նման հայցը լուրջ գլխացավանք է Թուրքիայի համար: Նրանք կփորձեն տարբեր ձեւերով խնդիրը հետաձգել՝ սպասելով Փերինչեքի դատավարության ավարտին: Եթե մինչ այդ հայցը գնա ՄԻԵԴ, ապա այն կազդի նաեւ առաջին դատավարության վրա:

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի գնահատմամբ՝ նման հայցը Թուրքիայի համար մղձավանջային է: Ժխտելով ցեղասպանությունը՝ Թուրքիան փորձում է խուսափել հենց փոխհատուցման խնդրից: Այս հայցով նոր են սկսվում Թուրքիայի գլխացավանքները՝ համոզված է թուրքագետը:

«Դա նույնիսկ նկատել են մի շարք թուրք հայտնի քաղաքագետներ՝ արձանագրելով, որ 2015-ը ոչ թե վերջն է, այլ սկիզբն է՝ Թուրքիայի համար նոր մարտահրավերներ ցեղասպանության ճանաչման հետ կապված, ինչպես նաեւ փոխհատուցման հետ կապված»:

Թուրքագետը ուշագրավ է համարում, որ թուրքական իշխանությունները Արամ Առաջինի հայցի վերաբերյալ որեւէ արձագանք չեն տվել: Անդրանիկ Իսպիրյանը, սակայն, տեղեկացրեց, որ արձագանք է եղել միայն Սիսի, ներկայիս՝ Գոզանի քաղաքապետի կողմից, որը ազգայնամոլական կուսակցությունններից մեկի անդամ է եւ, ըստ էության, ընդունում է, որ եղել է բռնազավթում: Թուրքագետը հիշեցրեց, որ թուրքական օրենքներով լքված գույքի թալանը շարունակվել է մինչեւ 1980-ական թվականներ:

Արմեն Մարուքյանը հիշեցրեց, որ միջազգային պրակտիկայում կա փոխհատուցման նախադեպ՝ Գերմանիայի կողմից հրեաներին փոխհատուցելու օրինակը: Ըստ նրա՝ կան քաղաքակրթական տարբերություններ եւ Գերմանիան քաղաքակրթությունը գերադասեց մեկուսացումից: Նա կարծում է, որ Թուրքիայի հանրապետությանը նույնպես պետք է կանգնեցնել նման երկընտրանքի առջեւ՝  ցեղասպան պետության պիտակից ազատվելու համար:

«Ակնհայտ է, որ ժխտմամբ հարցը չի լուծվում: Ընդհակառակը՝ ավելի է բարդանում: Որքան շուտ թուրքերը սա հասկանան, այնքան լավ կլինի նաեւ իրենց համար»:

Ցուցադրել ավելի
Back to top button