Քաղաքական

Ռիգայում Սարգսյան- Ալիեւ հանդիպում նախատեսված չէ

ԵԱՀԿ Մինասկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել է, որ մայիսի 21-22-ը Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպում նախատեսված չէ:

Միջնորդը, սակայն, չի բացառել հանդիպման հնարավորությունը: «Եթե նախագահները ցանկանում են հանդիպել և քննարկել խաղաղությանն ուղղված քայլերը, ապա մենք պատրաստ ենք աջակցել»,- ասել է ամերիկացի համանախագահը:

Report.az-ի փոխանցմամբ՝ Ուորլիքը նշել է, որ միջնորդներն ակտիվ աշխատում են արտգործնախարարների հետ՝ նախագահների հաջորդ հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ, տեղեկացնելով, որ համանախագահներն առաջիկայում մտադիր են այցելել տարածաշրջան:

«Բռնության աճը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին անցյալ տարվա ընթացքում շատ մտահոգիչ էր և վկայում է, որ միջնորդները չեն կարողացել բանակցություններում առաջընթացի հասնել»,- ասել է Ջեյմս Ուորլիքը:

Back to top button