Հասարակություն

Նորից կյանք մոմի լույսի տակ ու շղթայական գնաճ.կանխատեում է Արմեն Պողոսյանը

lianaeghiazaryan
Հայաստանի իշխանությունների անհեռանկար ու թերի տնտեսական քաղաքականությունն է պատճառը, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը դամոկլյան սրի պես կախված է մեր՝ սպառողներիս վզին: «Մեզ սպասվում է մոմի տակ ապրելու հեռանկարը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն ու ափսոսանք հայտնել, որ  հասարակական կառույցները ֆինանսապես թույլ են և չեն կարողանում նման կարևոր գործընթացներում իրենց ազդեցությունն  ունենալ: Ըստ նրա` քաղաքացիները պետք է կարողանան ինքնակազմակերպվել այսպիսի երեւույթների դեմ: Պողոսյանը նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում չարաշահումների լուրջ ռիսկեր է տեսնում ու հայտարարում` այստեղ անելիք ունի Հայաստանի գլխավոր դատախազությունը: Սպառողների շահերի պաշտպանի մտահոգությունները եւ կանխատեսումները Լիանա Եղիազարյանն է փոխանցում:

 

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը դամոկլյան սրի պես կախված է մեր՝ սպառողներիս վզին, եւ սա առաջին հերթին տնտեսական սխալ քաղաքականության հետեւանքն է. հայտարարում է  Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: «Հայաստանը աշխարհում այն եզակի երկրներից է, որն ունի կենցաղային լեզվով ասած` էներգիայի ավելցուկ, իսկ գրական լեզվով՝ չծանրաբեռնված հզորություններ: Այդ հզորության հաշվին Հայաստանը կարող է 1/3-ով կամ ավելի մեծ չափով էլ ավելացնել էներգիայի արտադրությունը: Այսինքն` մենք ունենք այն, ինչի համար աշխարհի տարբեր երկրներ պայքարում են: Բայց հարցն այն է, որ մեր պետությունը պարզապես ռացիոնալ մոտեցում չի ցուցաբերում, ասում է Պողոսյանը: Գազից ստացվող էներգիան մեր ընդհանուր էլեկտրաէներգիայի պաշարի 30 տոկոսն է կազմում: Մենք ռուսական և պարսկական գազ ենք ստանում: Պարսկականն ավելի էժան է, բայց տարօրինակ կերպով ռուսական գազով աշխատող ջերմակայանի գազի սպառումը շատացել է, իսկ պարսկական գազից օգտվողինը՝ նվազել: Մինչդեռ տրամաբանորեն հակառակը պետք է լիներ: Ես գտնում եմ, որ այդ գործով պետք է զբաղվի դատախազությունը: Պարսկականի մասնաբաժինը պետք է ավելանա, ոչ թե պակասի, քանի որ դա, բնականաբար, ավելի ձեռնտու է, հայտարարում է Պողոսյանը:

Պողոսյանի կանխատեսումները Հայաստանի համար մռայլ են: Մեզ, ասում է, սպասվում է մոմի տակ ապրելու հեռանկարը: «Քանի որ ատոմակայանի աշխատելու ժամանակը մենք երկարաձգում ենք, իսկ նորի շինարարությունը պետք է սկսվի 2016-ին, ավարտվի 2026-ին, հնարավոր չէ կանխատեսել, թե այդ ընթացքում ու այդ ժամանակ ինչ կլինի: Արմեն Պողոսյանը պարադոքս է համարում, երբ Ռուսաստանը հայտարարեց, թե իջեցնում է գազի գինը, իսկ էլեկտրաէներգիայի սակագինը ցանկանում են բարձրացնել. «Բայց հոսանքը գազից է ստացվում, չէ՞, էժանացված գազից, ինչպես է դա ստացվում, հարց է բարձրացնում Պողոսյանը ու ինքն էլ պատասխանում` մենք չունենք տնտեսական քաղաքականություն: Ոչ մի փաստաթղթում չկա այն հեռանկարը, որ ես և մյուսները տեսնենք, թե մեր էներգետիկան ո՞ր ուղղությամբ է զարգանալու: Ատոմակայանը գտնվում է հոգեվարքի մեջ:  Վերցված վարկերը երկարացնում են ատոմակայանի կյանքը, բայց ամեն ինչ վերջ ունի»,- նշեց Սպառողների միության նախագահը:

Հիշեցնեմ` Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովին՝ էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանում բարձրացնելու հայտով: Ընդ որում` ՀէՑ-ն առաջարկում է սակագինը բարձրացնել միանգամից մոտ 40 տոկոսով` 17 դրամով: «Սա սարսափելի  թիվ է» վրդովված ամփոփում է Արմեն Պողոսյանը: Էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը, ըստ նրա, կանդրադառնա ոչ միայն անհատ սպառողների ընտանեկան բյուջեի, այլ ընկերությունների վրա: Իսկ սա նշանակում է շղթայական գնաճ, քանի որ ամեն ապրանքի գնագոյացման մեջ կա էներգիայի մասնաբաժինը: Օրինակ, միայն ցեմենտի արտադրության արժեքի մեջ էներգիան կազմում է շուրջ 70 տոկոս:

Ցուցադրել ավելի
Back to top button