Հասարակություն

Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Համբարձման տոնը

Հիսուս Քրիստոսի երկինք համբարձման հիշատակության օրը Հայ առաքելական եկեղեցին, իբրեւ Տերունի տոն, նշում է Քրիստոսի հարության 40­-րդ օրը, 35 օրվա շարժունակությամբ` ապրիլի 30­-ից մինչեւ հունիսի 3­-ը հանդիպող հինգշաբթի: Քրիստոսի Համբարձման տոնը հայ ժողովրդի ամենասիրած տոներից է, որն ուղեկցվում է նաեւ ժողովրդական հանդիսություններով: Հայ առաքելական եկեղեցում այս տոնին հիշատակվում է նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սբ. Էջմիածին փոխադրելու օրը: Պատմության թելադրանքով 484թ. ի վեր Հայաստանի տարբեր վայրերում հանգրվան գտած Հայրապետական Աթոռը 1441 թվականին Վաղարշապատի ազգային­եկեղեցական ժողովի որոշմամբ վերահաստատվեց Լուսավորչահիմն Սբ. Էջմիածնում:

Ի հիշատակություն պատմական այդ օրվա՝ Սբ. Էջմիածնում Համբարձման տոնի առիթով մատուցվող սբ. պատարագի ընթացքում Իջման Ս. Սեղանի առջեւ կատարվում է նաեւ Հայրապետական մաղթանք: Հարությունից հետո Քրիստոս 40 օր շարունակում է մնալ երկրի վրա եւ երեւալ իր աշակերտներին: Քառասուներորդ օրը Հիսուս վերջին անգամ երեւում է իր առաքյալներին, օրհնում ու պատգամներ տալիս նրանց, որից հետո համբարձվում է երկինք: Քրիստոսի համբարձման մասին վկայում են Մարկոս եւ Ղուկաս ավետարանիչները, վկայություններ կան նաեւ «Գործք առաքելոց»­ում: «Եւ ինքը Տէր Յիսուս, նրանց հետ խոսելուց յետոյ, դէպի երկինք վերացաւ եւ նստեց Հօր աջ կողմը» (Մարկ. 16:19):

Ցուցադրել ավելի
Back to top button