Քաղաքական

Հայաստանի վարչապետի պաշտոնում հաջողության չէր հասնի նույնիսկ «սուպերմենը». Խոսրով Հարությունյան

lenabadeyan
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը առաջարկություններ է ստացել 14 կուսակցությունից: Առայժմ հայտնի չէ, թե առաջարկների որ մասն է ընդունվել, բայց արդեն հայտնի է, որ խորհրդարան կներկայացվի կառավարման խորհրդարանական համակարգի անցման նախագիծ, թեեւ մինչեւ վերջերս լուրեր էին տարածվում, թե չի բացառվում քննարկման ներկայացվի նաեւ փաստաթղթի երկրորդ տարբերակը՝ կիսանախագահական համակարգի կատարելագործվածը:

 

 

«Սուպերմենը» այսօր Հայաստանում վարչապետի պաշտոնում հաջողության չէր հասնի՝  սահմանադրական բարեփոխումների ու նաեւ կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտության մասին խոսելիս հայտարարում է հանրապետական խմբակցությունից պատգամավոր, ՀՔԴՄ կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:

Վարչապետության իր նախկին փորձից ելնելով` ասում է.«պետք է լինի 3-ից 4 փոխվարչապետ՝ այսօրվա մեկի փոխարեն, որ վարչապետն իր ժամանակը ծախսի ոչ թե մանր-մունր խնդիրների ու հանդիպումների վրա, այլ՝ զբաղվի երկարաժամկետ ծրագրերով»: Սահմանադրական բարեփոխումների մասով ՀՔԴՄ-ն 25 էջանոց առաջարկություններ եւ հիմնավորումներ է ներկայացրել:

Խորհրդարանական կառավարման համակարգը՝ Խոսրով Հարությունյանը համոզված է, կնպաստի կուսակցությունների կայացմանը, բայց այս դեպքում պետք է փոխվի Կառավարության ձեւավորման կարգը՝ ձեւավորվի ոչ թե Աժ-ի մեծամասնության հավանությամբ, համաձայնությամբ, այլ՝ նրանց կազմից: Սա նշանակում է, որ նախընտրական ցուցակները կազմելիս՝ կուսակցությունները պետք է նկատի ունենան եւ անցողիկ տեղերը հատկացնեն մասնագետներին: Սա էլ իր հերթին նշանակում է, որ խորհրդարանական ընտրությունների միջոցով քաղաքացիները անուղղակի կընտրեն նաեւ նախարարներին:

«Արդեն կուսակցությունը կհայտարարի իր ապագա կառավարության կազմը՝ ահա իմ վարչապետը, ահա իմ ապագա ֆինանսների նախարարը կամ առողջապահության նախարարը եւ այլն: Ընդ որում բոլոր ազդեցիկ կուսակցությունները ստիպված կլինեն դա անել: Եթե դա արվեց ԶԼՄ-ները նախընտրական շրջանում արդեն կհրավիրի պոտենցիալ առողջապահության նախարարներին եւ կսկսի նրանց հետ քննարկել առողջապահության խնդիրները եւ մարդիկ, որոնց համար առողջապահությունը գերակա է, կարող են դրանով կաղմնորոշվել»:

Ըստ առաջարկվող սահմանադրական բարեփոխումների՝ Հայաստանում պահպանվելու են երեք առանցքային պաշտոնները, բայց որն է ավելի բարձր լինելու. Խոսրով Հարությունյանը պատասխանում է շատ կարճ. «Աշխարհը գերմանիայում ում է շատ լավ ճանաչում Մերկելին, թե՞ … վերջ ձեր հարցի պատասխանը դա էր: Եվ այս համակարգը դա է նշանակում»:

Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների ընդդիմախոսներին, եւ կոնկրետ մեղադրանքներին, թե այս ամենն արվում է իշխանության վերարտադրության նպատակով, ապա Խոսրով Հարությունյանը հիշեցնում է նույն այդ ուժերի տարիներ առաջ ունեցած պահանջները:

«2012-ին ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն Ժառանգությունը չէ՞ որ առաջ էին քաշում սահմանադրական բարեփոխումների հարցը, ընդ որում անցում կատարելով կիսանախագահականից խորհրդարանականի: Բան նրանք ինչի՞ մասին էին այն ժամանակ մտածում: Այսինքն՝ եթե իրենք չեն անում, վե՞րջ: Ինչու 2012-ին ժամանակն էր, 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ ժամանակն էր, հիմա ժամանակը չէ»:

Հիշեցնեմ, որ երկրի նախագահ-քաղաքական ուժեր կոնսուլտացիաների մասնակիցներից Սահմանադրական բարեփոխումները նախապատրաստող հանձնաժողովին առաջարկներ չեն ներկայացրել «Ազատ Դեմոկտրատներ»-ը, ՀՀՇ-ն եւ ԲՀԿ-ն: վերջինիս ներկայացուցիչները կողմնակից էին փաստաթղթի մեկ այլ տարբերակի:

Միքայել Մելքումյան.«Կիսանախագահական համակարգի բարելավման հնարավորություն կա: Օրինակ այսօր պարզ չի, թե ներքին եւ արտաքին կայունության երաշխավորը՝ գերագույն գլխավոր հրամանատարը խորհրդարանական համակարգում ո՞վ է լինելու»:

Սա հարց է, որը դեռեւս պատասխան չունի, նույնիսկ բարեփոխումների կողմնակից Խոսրով Հարությունյանը լրացուցիչ քննարկումների կարիք է տեսնում:

Ցուցադրել ավելի
Back to top button