Արցախի Հանրապետական հիվանդանոցը ճանաչվել է տարածաշրջանում լավագույնը


Երեկ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կայացել է բժիշկների օրվան նվիրված ամենամյա «Հուսո Աստղ» մրցանակաբաշխությունը։ Կազմակերպիչը «Համազգային վստահություն» խորհուրդն էր, իսկ նպատակը՝ առանձնացնել Հայաստանի առողջապահության բնագավառում լավագույնը բժիշկներին և բուժհիմնարկները։ Մրցանակաբաշխությունն ուղեկցվել է համերգային շոու-ծրագրով: Տարվա լավագույն սրտաբան, տարվա լավագույն միկրովիրաբույժ, տարվա լավագույն ակնաբույժ, տարվա լավագույն պլաստիկ վիրաբույժ, տարվա լավագույն բժշկական կենտրոն, տարվա լավագույն ախտորոշիչ կենտրոն, բարձրագույն բժշկական կրթության տարվա կազմակերպիչ անվանակարգերին են արժանացել լավագույնները:
Ամփոփվեց «Տարվա լավագույն բժիշկ և տարվա լավագույն բուժհիմնարկ — Հուսո Աստղ-2015 ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը» և շուրջ մեկ տարի տևած հարցումների արդյունքներն արդեն հայտնի են։ Հուսո Աստղ-2015 ամենամյա ազգային մրցանակաբաշխությունում լավագույն բուժհիմնարկ է ճանաչվել LՂՀ առողջապահության նախարարության հանրապետական բժշկական կենտրոնը: Մրցանակը բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Կարեն Բազյանին հանձնեց գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, ով ևս հիացած է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնով:
Բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Կարեն Բազյանն իր հերթին նշեց, որ պետության և բարերարների համագործակցության արդյունքում արդեն մեկ տարի է հիվանդանոցը գործում է ողջ հզորությամբ, իսկ 2014թ-ի նոյեմբերին բժշկական կենտրոնում բացվել է անգիոգրաֆիայի բաժանմունքը:
Կարեն Բազյանի փոխանցմամբ՝ տարվա ընթացքում ավելի քան 60 վիրահատություն է կատարվել Հայաստանից ժամանած առաջատար մասնագետների հետ համատեղ: Նա նաև նշեց, որ Արցախում կառուցվում է ուռուցքաբանական կենտրոն, ինչպես նաև նախատեսվում է վերազինել արյան փոխներարկման ծառայությունը: Նշենք, որ առողջապահական ոլորտում այս մջոցառման նպատակն է ներկայացնել և պատվի արժանացնել բժշկության տարբեր ոլորտներում իրենց ձեռքբերումների ու եռանդի շնորհիվ ազգաբնակչության գնահատականին արժանացած լավագույն մասնագետներին ու կազմակերպություններին: Նմանատիպ միջացառումները նպաստում են ոլորտի լավագույն մասնագետների բացահայտմանը և մրցակցային դաշտի ստեղծմանը: