Քաղաքական

Քաղաքական «տրյուկնե՞ր», թե՞ աշխարհաքաղաքական հնարավոր լուրջ զարգացումներ

karenghazaryan
Որքանո՞վ են իրատեսական Իրանի եւ Ադրբեջանի ու Թուրքիայի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Այս մասին ակնարկներ էին արել համապատասխանաբար Հայաստանի եւ Ղազախստանի նախագահները՝ ԵՏՄ բարձրագույն կոլեգիայի նիստում: Թեմային լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ անդրադարձել են Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն ու Ազատ Արշակյանը:

 

Հայաստանը լուրջ հարաբերություններ ունի Իրանի հետ: Իրան-Հայաստան-Ռուսաստան փոխադարձ կապերը կարող են շատ ամուր լինել եւ օգտակար: Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ Իրանի ուղղությամբ ԵՏՄ-ի ընդլայնվելու վերաբերյալ նախաձեռնությամբ Հայաստանը պետք է ավելի վաղ հանդես գար:

«Հայաստանի այդ նախաձեռնությունը պետք է ավելի վաղ լիներ: Մենք միշտ ասում էինք, որ Հայաստանը կարող է Իրան-Արեւմուտք փոխհարաբերություններում ստանձնել լավ դերակատարություն եւ դա բոլորի համար ընկալելի կլիներ, որովհետեւ Հայաստանին քննադատել Իրանի հետ փոխհարաբերություններում անտեղի է՝ այն առումով, որ ըստ էության շատ դեպքերում դա միակ ճանապարհն է եղել, որ բաց է եղել Հայաստանի Հանրապետության համար»:

Գառնիկ Իսագուլյանը չի կարծում, թե Իրանը կամ Թուրքիան կդառնան ԵՏՄ անդամներ, սակայն հնարավոր է համարում որոշակի պայմանագրային փոխհարաբերությունները: «Նախաձեռնություն ցուցաբերելը լավ է, բայց դրանք ի՞նչ հետեւանքներ կունենան՝ դժվար է ասել»,-հավելեց Իսագուլյանը:

Քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի գնահատմամբ՝ ԵՏՄ բարձրագույն կոլեգիայի նիստում թե՛ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, թե՛ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի առաջարկները քաղաքական հնարանքներ են: Նա նկատեց, որ Ռուսաստանում թուրքական տարրը բավականին մեծ է եւ Ռուսաստանի համար դրական ոչինչ չկա ու որեւէ օգուտ չունի, որ սերտ հարաբերություններ ունենա Թուրքիայի հետ: Նազարբաեւի առաջարկը հնարք էր՝ իր ազդեցությունը բարձրացնելու-արձանագրելու համար:

«Ուզում էր ասել՝ «մենք մենակ չենք, կա պոտենցիալ դաշնակից՝ մեր կարծիքը հաշվի առեք»: Դրան հակաքայլ արեց Սերժ Սարգսյանը: Ես դրանք համարում եմ քաղաքական «տրյուկներ»: Դրանք, բնական է,  խաղի կանոնների մեջ էին, բայց հետեւանքներ չեն կարող ունենալ, որովհետեւ առայժմ ուժերի հարաբերակցությունը կամ, ասենք, ռեգիոնալ անվտանգության համակարգը փոփոխության ենթակա չէ»:

Ազատ Արշակյանի ձեւակեպմամբ՝ թեթեւակի շանտաժներ էին, որից մեկը Ռուսաստանի դեմ, մեկը՝ Ռուսաստանին կողմ – նախագահ Սարգսյանը պաշտպանեց Ռուսաստանի դիրքերը, Նազարբաեւը՝ խոցեց: Գառնիկ Իսագուլյանի կարծիքով՝ կան ավելի խորքային հանգամանքներ: Նազարբաեւից հետո Ղազախստանը խնդիրների առջեւ կարող է կանգնել, հետեւաբար՝ իրեն անհրաժեշտ են ուժեղ դաշնակիցներ, որոնք բնականաբար թուրքալեզու պետություններն են: Ազգային անվտանգություն կուսակցության ղեկավարը կարծում է, որ աշխարհաքաղաքական ներկայիս գործընթացները շատ նուրբ են ու բարդ, որոնք կանխատեսելը շատ ավելի դժվար է, քան կարելի է սպասել:

Ցուցադրել ավելի
Back to top button