ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայի իրավիճակը


Հյուսիսատլանտյան դաշինքի մասնակից երկրների ԱԳ նախարարները հանդիպում կանցկացնեն Թուրքիայի Անթալիայի նահանգի Բելեկ քաղաքում՝ քննարկելու հավաքական անվտանգության ապահովման հարցերը եւ Ուկրաինայի իրադրությունը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների արտաքին գործերի նախարարներից բացի, հանդիպմանը կմասնակցեն նաեւ Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանն աջակցող երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բոսնիան եւ Հերցեգովինան, Վրաստանը, Ուկրաինան, Մոնղոլիան, Հարավային Կորեան, Ճապոնիան, Հորդանանի ներկայացուցիչները:
Երկօրյա հանդիպումների ընթացքում կկայանա ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստը, որը կբացի դաշինքի գլխավոր քրատուղար Յենս Ստոլտենբերգը: Ինչպես նշել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը, Ուկրաինայի իրադրության քննարկման արդյունքում նախարարները պլանավորում են ընդունել համատեղ հայտարարություն:
Գագաթնաժողովի առաջին օրը կսկսվի Աֆղանստանում դաշինքի նոր՝ «Վճռական աջակցություն» առաքելության իրագործման ընթացքին նվիրված նիստով: Հանդիպման երկրորդ օրը մասնակիցները նախատեսում են քննարկել Վարշավայում 2016 թվականին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն ու անցկացումը: Նախարարները եւ պատվիրակությունների անդամները կվերլուծեն նաեւ Սիրիայում եւ Իրաքում ահաբեկիչների դեմ պայքարի ընթացքը: