ՀասարակությունՑեղասպանություն 100

Հիշում ու պատմում են ցեղասպանությունը վերապրածի ժառանգները

arminegevorgyan

«Քարկտիկ կխաղայի, նշանածս գուքար, կասեր ինչ բերեմ քեզի, կասեի հալվա, ու բարձր ծիծաղում էր»:

Անահիտ և  Լուսիկ Էքսարջանները քանդում են հիշողությունների կծիկը ու մեկը մյուսին հերթ  չտալով պատմում են  իրենց տատի` Մարիամ Գալուստի Ռաֆայելյանի կյանքի պատմությունը, ով  1915 թ հրաշքով փրկվել է թուրքի յաթաղանից, 1920 թ հասել է Հունաստանի Սալոնիկ քաղաք: Այդ տարիների տանջանքը,  ցավը, զրկանքը ամբողջ կյանքի ընթացքում ուղեկցել է  նրան:  Տիկին Անահիտը «Ռադիոլուր»-ին պատմում է. «երբ տատը գաղթի տարիների մասին սկսում էր պատմել, սկզբում մտածում էինք, թե այդ պատմությունները հորինված են, իրական չեն, բայց արդեն հասուն տարիքում հավատում էինք տատի ամեն խոսքին ու խնդրում էին նրան կրկին պատմել այդ տարիների մասին»:

14 տարեկանում  Էսքիշերցի Մարիամը նշանադրվում է համագյուղացու հետ, բայց ամուսնանալ չեն հասցնում: Տիկին Անահիտը պատմում է, որ Մարիամ տատը հիշում էր գաղթի ճանապարհը, պատմությունն էլ սկսում էր այսպես.«թուքերը եկան մեր տուն հորս, եղբայրներիս ու նշանածիս դուրս հանեցին և մեր աչքի առաջ սպանեցին: Հետո մեր ընտանիքը տեղահանեցին»:

Ասում է, որ սկզբում չեն հասկացել, թե ինչ է կատարվում, ուր են իրենց տանում, ինչի համար: Հասցրել են իրենց հետ վերցնել մի քանի ոսկու կտորներ, մնացածը թաղել  են հողում, այն հույսով, որ վերադառնալու են, բայց վերադարձ այդպես էլ չեղավ: Նրանք չէին էլ կարող պատկերացնել, որ իրենց սպասվելու է  զրկանքներվ ու տառապանքներով լեցուն ճանապարհ: Մարիամի մայրը հենց գաղթի ճանապարհին մահանում է՝ չդիմանալով ամուսնու ու  որդիների կորստին: Իսկ արդեն Դեր-Զորի անապատում 15 ամյա Մարիամը հիվանդանում է տիֆով, քրոջն ու ընտանիքին էլ կորցրած է լինում:

Մարիամն ու քույրը գտնում են միմյանց ու միասին շարունակում իրենց տառապանքներով լեցուն ճանապարհը, չիմանալով դեպի ուր: Մի օր էլ տեսնում են, որ մի նավ է գալիս իրեց փրկելու: Սկզբում չեն հավատում, որ իրենց ինչ որ մեկը կարող է փրկել: Հավատում են միայն այն բանից հետո, երբ լսել են, որ նավի անձնակազմի անդամները թուրքերենով չեն խոսում:

Երկու քույրրերն արդեն 1920 թ հասնում են  Հունաստանի Սալոնիկ քաղաք: Մարիամին Սալոնիկում գտնում է նշանածի հորեղբոր տղան, ով որոշում է ամուսնանալ Մարիամի հետ:

«Տատիկս ում հետ, որ ամուսնացել է իր նշանածի հորեղբոր տղան է եղել: Չնայած պապիկս բավականին մեծ է եղել տարիքով, բայց ասել է, որ մեր հարսին ուրիշին չենք տա, ավելի լավ ա ես ամուսնանամ իր հետ»,-պատմում է տիկին Անահիտը:

Երջանիկ պատահականությամբ Սալոնիկում Մարիամի քույրը նույնպես գտնում է ամուսնուն, ով հինգ երխաներին կորցրել էր գաղթի ճանապարհին:

Սակայն թոռները այսօր ավելի շատ հիշում են տատի զրույցները ընկերուհիների հետ: Բոլորը հավաքվում էին ու խոսում էին միայն  գաղթի ճանապարհից: Բոլորը պատմում էին նույն պատմությունը նույն բառերով ու բոլորի զգացածը նույն էր:

Մարիամ  տատը մինչև կյանքի վերջ էլ ցանկացել է տեսնել Էրգիրը, բայց  ամեն անգամ նույն միտքն էր արտահայտում` չգիտեմ ուզում եմ գնամ, թե չէ, հենց մտածում եմ, որ պետք է գնամ հիշում եմ, հորս, նշանածիս ու եղբորս սպանությունը:  Հունաստանում  ապրած  տարիները Մարիամ տատի ամենալուսավոր տարիներն էին: Հետո որոշել են վերադառնալ հայրենիք  ու այստեղից էրգրի կարոտը առնեն:

Թվում էր,  թե այսքանով ավարտվելու  է Մարիամ տատի կյանքի դժվարությունների շղթան, բայց ճակատագիրը նրան մեկ այլ  փորձություն էր պատրաստել: Երիտասարդ տարիքում մահանում են նրա երկու  երեխաները, զրուցակիցներիս հայրն  ու հորաքույրը: Ու այդ վշտից 11 Մարիամ տատը կուրանում է: Թոռները պատմում են ամեն առավոտ ասում էր. «լաո էս ինչ զուլում էր թուրքի յաթաղանից  փրկվեցի, տիֆով հիվանդացա փրկվեցի, գոնե ուրախ ծերություն վայելի, բայց…»:

Տիկին Անահիտը «Ռադիոլուր»-ի միջոցով փոխանցում է իրենց երազանքը: Ասում են, որ իրենց տատիկի ու պապիկի ազգությունը ճանաչված ու հարուստ են եղել: Ազգանուներն էլ ոչ այնքան հանդիպող` Էքսարջաններ, Ռաֆայելյաններ:Հույս են փայփայում, որ օվկիանոսից այն կողմ հնարավոր է ունենան բարեկամներ:

Ցուցադրել ավելի
Back to top button