Հասարակություն

Համեստ ու քաղաքակիրթ պահվածքը չինական մշակույթում գերիշխում է (ֆոտոռեպորտաժ)

alisagevorgyan
Համեստ ու քաղաքակիրթ պահվածքը չինական մշակույթում գերիշխում է: Փողոցներում տիրող լռությունն ու անդորրը հաճախ ստիպում է մտածել՝ իսկ ուր են թաքնվել մեկ ու կես միլիարդ չինացիները: Ի դեպ, հիշեցնենք, որ լրագրողների համար ճանաչողական այցը կազմակերպել էր ՀՀ-ում Չինաստանի դեսպանատունը:  Եվ այսպես ՝Չինաստանը հայ լրագրողի աչքերով, ներկայացնում ենք շարքի հերթական ռեպորտաժը:

 

«Նույնիսկ երկու մարդուց կազմված  հասարակությունում ես  կգտնեմ այն, ինչ կարելի է նրանցից սովորել: Նրանց արժանիքները ես կվերցնեմ, իսկ թերությունների վրա ՝ կսովորեմ»: Չինացի հայտնի իմաստունի՝ Կոնֆուցիի խոսքերն են: Նրանից է սկսվում մտքի աննախադեպ ծաղկման  ժամանակաշրջանը Չինաստանում, երբ հիմք դրվեց չինական մշակույթին: Օրերս նրա հայրենիքում էինք ու հետևելով մեծ փիլիսոփայի խորհրդին, փորձեցինք գտնել այն, ինչ կարելի է սովորել հինավուրց ու իմաստուն այս ժողովրդից:

Ամենատպավորիչը, թերևս, չինացիների վերաբերմունքն էր բնության հանդեպ՝ օգտվել բնությունից՝ առանց վնասելու այն: Դրա շնորհիվ է գուցե, որ 20 միլիոն բնակչություն ունեցող Պեկինի փողոցներում մենք ավելի քիչ մեքենաներ տեսանք, քան Երևանի փողոցներում: Չինացիների հիմնական փոխադրամիջոցը հեծանիվներն ու էլեկտրական մոտոցիկլետներն են: Մայրաքաղաքից բացի լրագրողներիս խումբը եղավ ակտիվ կառուցապատման փուլում գտնվող մի քանի քաղաքներում, որոնք ընդամենը չորս-հինգ  քանի տարի անց կվերածվեն հսկայական մեգապոլիսների:

Ամենուր կառուցվող հսկայական շինություններ, բայց տարօրինակ ու արտառոց պատկեր՝ հայերիս համար. ոչ փոշի, ոչ աղմուկ, ոչ էլ անգամ շինարարների հոծ բազմություն: Տպավորություն այնպիսին է, որ հսկայական շինությունները վեր են խոյանում ինքնուրույն ՝ լուռ, հանգիստ ու միաժամանակ՝ արագ:

Չինական գյուղ տեղափոխվենք՝ Նանպու: Չինաստանի հարավում է: Գյուղի նորակառույց տան երիտասարդ տիրուհու հետ ենք զրուցում

«Ավելի քան 20 տարի այս գյուղում եմ ապրում, բայց տունը երկու տարի առաջ ենք կառուցել: Մեր ձեռքերով: Գյուղում  բոլորն էլ իրենք են կառուցում իրենց տունը: Նման տունն այսօր արժե 200 հազար յուան, մոտ 30 հազար դոլար: Նախկինում դաշտում էի աշխատում, բրինձ, բանջարեղեն էինք աճեցնում, իսկ այժմ այստեղ բարեփոխումներ են եղել: Մեր հողը հանձնել ենք գյուղատնտեսությամբ զբաղվող մի կազմակերպության, ինքս էլ այնտեղ աշխատում եմ: Ընտանիքի տարեկան եկամուտն այժմ կազմում է 100 հազար յուան: Բավարարում է»:

Չինուհու նշած գյուղատնտեսական կազմակերպությունը զբաղվում է հիմնականում ջերմոցային տնտեսությամբ, որտեղ կիրառում են արևային մարտկոցներ: Ի դեպ, Նանպուի բոլոր տների տանիքներին տեղադրված են արևային  ջրատաքացուցիչներ: էներգախնայող համակարգերն այստեղ շատ տարածված են: Գեղեցիկ ու խնամված ծաղկանոցներ, փայտե համեստ ցանկապատներ, բետոնե հսկա պարիսպներ այստեղ չեն կառուցում: Ընդհանարպես համեստ ու քաղաքակիրթ պահվածքը չինական մշակույթում գերիշխում է: Փողոցներում տիրող լռությունն ու անդորրը հաճախ ստիպում է մտածել՝ իսկ ուր են թաքնվել մեկ ու կես միլիարդ չինացիները:

Ցուցադրել ավելի
Back to top button