ԿարևորՄիջազգային

Կցանկանա՞ Անկարան կամուրջ դառնալ ՆԱՏՕ- ի եւ Ռուսաստանի միջեւ

marlenahovsepyan

Թուրքական Անթալիայում այսօր մեկնարկած ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման օրակարգում ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակն է, մասնավորապես՝  Արևմուտքի կարծիքով  Ռուսաստանից եկող վտանգը, ինչպես նաև Մոսկվա-Կիև հարաբերությունները:

Ուղիղ շփումներ՝ պատերազմից խուսափելու համար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը նախազգուշացրել է, որ դաշինքը շարունակելու է կոլեկտիվ պաշտպանությունը՝ միաժամանակ պահպանելով ուղիղ շփումներ Մոսկվայի հետ՝ հնարավոր պատերազմից խուսափելու համար: Իբրև միջնորդ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններում, ըստ BBC-ի, կարող է հանդես գալ Թուրքիան։

Սակայն թուրքական կառավարության մի շարք բարձրաստիճան չինովնիկներ թերահավատորեն են վերաբերվում գաղափարին՝ նշելով, որ Անկարան դժվար թե համաձայնի ստանձնել այդ դերը: Պատճառը Մոսկվա-Անկարա հարաբերություններում վերջին շրջանում ծագած խնդիրներն են՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի երևանյան միջոցառումներին Ռուսաստանի նախագահի մասնակցության պատճառով:

Չավուշօղլու. Ոչինչ չի կարող արդարացնել Ռուսաստանի քաղաքականությունը հարևանների հանդեպ

Թուրքական իշխանությունների գնահատականը Ուկրաինայում Մոսկվայի վարած քաղաքականության հանդեպ եթե մինչ այս բավականին զուսպ էր, ապա արդեն դարձել է բացահայտ կոշտ։ Նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խստորեն դատապարտել է Դոնբասում Մոսկվայի վարած քաղաքականությունը: Ոչինչ չի կարող արդարացնել Ռուսաստանի քաղաքականությունը հարևանների հանդեպ, ասել է Չավուշօղլուն՝ ընդգծելով, որ պետք չէ Կիևին պարտադրել ընտրություն կատարել Ռուսաստանի և Եվրամիության միջև:

Դավութօղլու. Կապ պահպանել Ղրիմի թաթարների հետ

Իր հերթին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների նիստի ժամանակ կոչ է արել պահպանել կապը Ղրիմի թաթարների հետ՝ մեկուսացումից խուսափելու համար, հաղորդում է  «ՌԻԱ- Նովոստին»։

«Ուկրաինայի ճգնաժամը ցույց է տալիս՝ որքան փխրուն է Եվրոպայում անվտանգությունն ու կայունությունը։ Ուկրաինային պետք է աջակցել, որպեսզի նա կարողանա ավելի լավ ապահովել սեփական ժողովրդի անվտանգությունը։ Ձեռք մեկնելով Ուկրաինային՝ մենք չպետք է մոռանանք Ղրիմի ժողովրդի տառապանքների մասին։ Ղրիմի անօրինական միացումը չի կարող ընդունվել։ Ղրիմի թաթարների հետ կապը պահպանելը և նրանց մեկուսացումը կանխելը կարևոր են այս պարագայում»,- նշել է Դավութօղլուն։

Քերրի. Պատժամիջոցները անհրաժեշտ են Ուկրաինայում խաղաղության համար

Անթալիայում ՆԱՏՕ- ի ԱԳՆ հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ եկել է Ուկրաինայում գործողություններ սկսելու կրիտիկական պահը: «Ռուսաստանի և Լուգանսկի ու Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների կողմնակիցների համար եկել է գործելու պահը.կողմերը պետք է հավատարիմ մնան մինսկյան համաձայնություններին»,- Ռուսաստանի նախագահի հետ նախօրեին Սոչիում ունեցած բանակցություններից հետո այսօր հայտարարել է Քերրին։

Բացելով ՆԱՏՕ- ի անդամ երկների արտգործնախարարների նիստը՝  բարձրաստիճան դիվանագետը նաև ընդգծել է, որ Վաշինգտոնը չի ձգտում պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, սակայն դրանք անհրաժեշտ են Ուկրաինայում խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար: Քերրին ընդգծել է, որ պատժամիջոցները չեղյալ կհայտարարվեն միայն այն դեպքում, եթե Ուկրաինայի արևելքում հրադադարը պահպանվի ամբողջությամբ:

Ի դեպ՝ Սոչիի հանդիպումներից հետո ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, քննարկվել են Դոնբասի հակամարտության կարգավորմանն  ուղղված հերթական քայլերը։ Քերրին պատմել է ռուսաստանյան բանակցությունների մանրամասները: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ կողմերը համաձայնեցրել են Ուկրաինայի արևելքում տիրող լարվածության թուլացմանն ուղղված հետագա քայլերը:

Ցուցադրել ավելի
Back to top button