Ցեղասպանություն 100Քաղաքական

Դավութօղլուն Մերկելին խնդրի, չխնդրի, մենք պայքարելու ենք Ցեղասպանության ճանաչման համար. Ձախերի թուրք ներկայացուցիչ

lianaeghiazaryan
Մարդ կոչվելու համար միակ չափորոշիչն այն է, որ Թուրքիայի կառավարությունն առերեսվի  սեփական պատմության հետ և ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այսօր հայտարարել է գերմանաբնակ թուրք  մտավորական, Համբուրգի երկրամասի խորհրդարանի  ձախերի խմբակցության ներկայացուցիչ  Հասան Բուրգուջուօղլուն: Թուրքիայի նախկին քաղբանտարկյալ եւ քաղաքական հայացքների համար իր իսկ հայրենի երկրում հալածված մտավորականն, ով փախել է իր հայրենիքից Հայոց ցեղասպանության հարցում հստակ դիրքորոշման պատճառով հալածանքներից  խուսափելու համար, այսօր հայտարարել է` ինքն իր ներկայացրած կուսակցության հետ պայքարելու է, որ Գերմանիան Ցեղասպանությունն ընդունի հատուկ օրենքով Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ներքին լարվածություն է առաջացրել:

Ապրիլի 24-ին նախորդած եւ հաջորդած քննարկումները Բունդեսթագում այժմ կարծես սառեցվել են: Ձախերն անցյալ շաբաթ հատուկ նամակով դիմել են իշխող կոալիցիոն եռյակին`  հարց բարձրացնելով, թե երբ են շարունակվելու Հայոց ցեղասպանության հարցի շուրջ քննարկումները: «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան`գերմանաբնակ թուրք մտավորական, Համբուրգի երկրամասի խորհրդարանի  ձախերի խմբակցության ներկայացուցիչ  Հասան Բուրգուջուօղլուն անդրադարձավ Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության եզրույթը պարունակող բանաձևի շուրջ քննարկումներին: Հիշեցնեմ` որ Բունդեսթագում այսօր շրջանառվում է բանաձեւի 3 նախագիծ, որոնք պետք է ամփոփվեն մեկում եւ դրվեն քվեարկության: Արդյոք բանաձեւի վերջնական տարբերակը պատմական փաստին կտա իրական Ցեղասպանություն անունը, դեռ հարց է: Հիշեցնեմ նաեւ` այս բանաձեւը պետք է հաջորդի Գերմանիանի նախագահի եւ Բունդեսթագի նախագահի կողմից Ցեղասպանության եզրույթն արտաբերելուն: Հնարավոր է, որ Գերմանիան իր անելիքն այս հայտարարություններով ավարտված համարի` առանց դրանց պաշտոնական փաստաթղթային ձեւակերպում տալուն, հետաքրքրվեցինք: Թուրքիայի ջանքերի շնորհիվ այդ բանաձևի քննարկումը Բունդեսթագում անընդհատ հետաձգվում է, խոստովանեց Բուրգուջուօղլուն:

«Դավութօղլուն քննարկումից առաջ միայն մի քանի օրվա ընթացքում օրը մի քանի անգամ զանգահարում էր Անգելա Մերկելին` խնդրելու, որ հանկարծ Ցեղասպանությունը բառը չարտաբերվի»:

Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ շրջանառվող երեք բանաձեւերը ներկայացրել են Ձախերը, Կանաչները եւ իշխող կոալիցիոն եռյակը: Առաջին երկու ուժերը պահանջում են խորհրդարանի ճնշող մեծամասնության համաձայնությունը` 2005-ին Բունդեսթագի ընդունած բանաձեւը նորով փոխարինել եւ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել:  Գերմանիայի խորհրդարանում 77 պատգամավոր ունեցող Ձախերի խմբակցության ներկայացուցիչ  Հասան Բուրգուջուօղլուն դժվարանում է ժամկետեր նշել, թե նշված բանաձեւերը երբ վերջնական տեսք կստանան ու քվեարկության կդրվեն, ասում է` երկրի կառավարությանը եթե մնա, կցանկանան դա տարիներ ձգել: Բայց մտավորականը նաեւ հայտարարում է` թե Ձախերի, թե Կանաչների ներկայացուցիչներն այդ հարցում հստակ դիրքորոշում ունեն և հետևողական են լինելու, որպեսզի այդ Բունդեսթագում այդ հարցը վերջնական լուծում ստանա:

«Սակայն մեր կուսակցությունը, ինչպես նաև Կանաչները, հետևողական ենք լինելու, որպեսզի այդ բանաձևը քննարկվի և ընդունվի Բունդեսթագում: Մենք թույլ չենք տա, որ Գերմանիայի իշխանությունները մարդկանց աչքին թոզ փչեն և միայն ապրիլի 24-ին հայերի սիրտը շահելու համար ինչ-որ քայլեր ձեռնարկեն ու հետո մոռանան դրա մասին»:

Հասան Բուրգուջուօղլուն Թուրքիայի նախկին քաղբանտարկյալ է եւ քաղաքական հայացքների համար իր իսկ հայրենի երկրում հալածված մտավորական, ով փախել է իր հայրենիքից Հայոց ցեղասպանության հարցում հստակ դիրքորոշման պատճառով հալածանքներից  խուսափելու համար: Այսքանով հանդերձ` ինքն իրեն անձամբ չի տարանջատում այդ մեղսագործությունից ու գտնում է, որ իր ընտանիքն էլ այդ ոճրագործության մասնակիցն է, ինքն իրեն համարում է կեղտոտ կենսագրություն ունեցող նախնիների թոռ:

«Ցեղասպանությունն, ասում է, չի եղել, ավարտվել, այն, որ այսօր հայերի հողերում ապրում են թուրքեր այնպես, ասես ոչինչ էլ չի եղել, դա Ցեղասպանության շարունակությունն է»:

Բուրգուջուօղլուն մեկ այլ հարց է առանձնացնում ու շեշտում` Ցեղասպանության ճանաչումը պահանջելով մենք ինչի ենք ուզում հասնել: Հայաստանն, ասում է, պետք է հստակ ձեւակերպի իր պահանջները, ինչը, սակայն, չի անում:  Նրա հետ համամիտ է Սարգիս Հացպանյանը, մարդ, ով ծնվել ու մեծացել է Թուրքիայում ու քաղաքական հայացքների համար հալածվել նույն այդ երկրում, հայտարարվել persona non grada` անցանկալի անձ: Հացպանյանը հողերի վերադարձի պահանջը խիստ իրատեսական է համարում ու սեփական դիրքորոշումը հայտնում:

Ցուցադրել ավելի
Back to top button