Մշակույթ

Մեկնարկում է Թալալյանների անվան փառատոնը

sonahakobyan
Մեկնարկում է Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան հանրապետական ամենամյա 6-րդ փառատոնը: Արդեն ավանդական դարձած այս փառատոնը երաժշտական ոլորտում կարևոր  մի իրադարձություն է, որն ուղղվում է մեր մշակութային կյանքի զարգացմանն ու հարստացմանը: Փառատոնի այս տարվա ծրագրում ընդգրկված է  7 համերգ, փառատոնը կշարունակվի 2 ամիս: Փառատոնն ունի նաև բարեգործական ուղղվածություն:

 

 

Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան հանրապետական ամենամյա 6-րդ փառատոնն այս տարի կմեկնարկի մայիսի 17-ին: Փառատոնին ելույթ կունենան ինչպես հայ, այնպես էլ օտարազգի երաժիշտներ։ Փառատոնը շարունակվելու է 2 ամիս: Կարևորելով փառատոնի անցկացումը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր, թավջութակահար, «Արս Լունգա» ՀԿ նախագահ, փառատոնի գեղարվեստական ղեկավար Արամ Թալյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այն առաջին հերթին ներկայացնում է բարձրաճաշակ երաժշտություն, ապա ունի նաև բարեգործական ուղղվածություն: Ինչ վերաբերում է փառատոնային ծրագրին, լինելու է համերգային 7 ծրագիր:

Փառատոնի ընթացքում կհնչեն նաև դասական կամերային ստեղծագործություններ, համերգ կլինի նվիրված նաև 1-ին և 2-րդ աշխարհամարտերի անմեղ զոհերի հիշատակին: «Ռադիոլուր»-ը փառատոնի կազմակերպիչներից հետաքրքրվեց, թե ինչու են համերգային ծրագրերը տեղի ունենում բացառապես Երևանում:  Արամ Թալյանը պարզաբանեց, որ փառտոնը մարզ տանելու համար ֆինանսներ են պետք և համերգները մարզերում անցկացնելու փախարեն մարզային մասնակիցներին  են բերում մայրաքաղաք:  Ինչ վերաբերում է ալտի և թավջութակի ժամանակակից մարտահրավերներին, փաառտոնի շրջանակներում կոմպոզիտորները սկսեցին ավելի շատ ստեղծագործություններ գրել ալտի և թավջութակի համար և այս առումով ևս փառատոնը շատ կարևոր նշանակություն ունի:

Նշենք, որ ամենամյա այս փառատոնի նպատակն է երիտասարդ կատարողներերին ընձեռել ինքնադրսևորման հնարավորություն, պրոպագանդել հայկական ժամանակակից երաժշտությունը, ընդլայնել ստեղծագործական շփման դաշտը  հայաստանաբնակ, սփյուռքահայ և այլազգի երաժիշտների միջև, հատուկ կրթական ծրագրերի միջոցով նպաստել մանուկ և պատանի կատարողների զարգացմանը, մշակել և իրականացնել ծրագրեր մարզային երաժշտական օջախների համար:

Back to top button