Տնտեսական

Հայաստանը զիջում է զբոսաշրջության իր դիրքերը, ցույց է տալիս 2015- ի զեկույցը

lianaeghiazaryan

Հայաստանը զբոսաշրջության մրցունակությամբ զիջում է իր դիրքերը: Նման գնահատական է տալիս օրերս հրապարակված «2015թ. զբոսաշրջության մրցունակության զեկույցը», որը կազմում է Համաշխարհային տնտեսական ֆորումը: Ըստ այդ զեկույցի` Հայաստանը զբաղեցրել է 89-րդ տեղը 141 երկրների շարքում` 2013թ. համեմատ 10 կետով հետընթաց արձանագրելով: Արդյո՞ք իրականում մտահոգիչ վիճակ է ստեղծվել հայաստանյան զբոսաշրջության ոլորտում, ու ինչպես է ստացվում, որ հայաստանյան ու միջազգային կառույցները տարբեր գնահատականներ են տալիս տուրիզմի զարգացման միտումներին:

Համաշխարհային տնտեսական ֆորումի Զբոսաշրջության մրցունակության զեկույցի` զբոսաշրջության ոլորտում աշխարհի ամենամրցունակ երկրների ցանկն այս տարի գլխավորում են Իսպանիան, Ֆրանսիան և Գերմանիան: Այս հետազոտության մեջ Հայաստանն արդեն 6-րդ անգամ է ընդգրկվում ու ԱՊՀ և հարավկովկասյան երկրների համեմատ իր զբոսաշրջային մրցունակությամբ զիջում Ռուսաստանին, Վրաստանին, Ադրբեջանին ու Ղազախստանին: Հայաստանն իր զբոսաշրջային գրավչություններով գերազանցում է Մոլդովային, Ղրղզստանին, Տաջիկստանին:

Զեկույցում ասվում է, որ չնայած Հայաստանի դիրքի հետմղմանը՝ առկա են որոշակի դրական զարգացումներ, օրինակ` սպասարկման ենթակառուցվածքի ցուցանիշներով` հյուրանոցների տեղերի քանակ և վիզա քարտեր ընդունող բանկոմատների թիվը:

Տուրիստական գործակալության տնօրեն Մարինե Ավետիսյանը այս հետազոտությանը լուրջ նշանակություն չի տալիս։ Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին էլ  ավեի շատ հետաքրքրում է ոչ թե Հայաստանի դիրքն այդ զեկույցում, այլ այն, թե իրականում քանի զբոսաշրջիկ է գալիս Հայաստան, որքան գումար է ծախսում այստեղ, որքան է մնում ու ինչ տպավորություններով են գնում: Հայաստանում զբոսաշրջության ամենածաղկուն շրջանն ամառն է, այսինքն` այս տարվա թվային պատկերը դեռ տարեվերջին կամբողջանա, ու դեռ վաղ է ասել` ոլորտն անկո՞ւմ է ապրել, թե՞ ոչ: Մի հարցում, սակայն, Ադիբեկյանը վստահ է` Հայաստանն իր զբոսաշրջային ներուժն օգտագործում է չնչին չափով: Մեր երկրի մասին դրսում չգիտեն, իսկ տեղեկություններն էլ հիմնականում սահմանափակվում են վանքերով

Իրավիճակի փոփոխությունը լուրջ քայլեր է պահանջում եւ առաջին հերթին` պետական օժանդակություն, բայց պետությունը գումար չունի, իսկ հատկացումներն էլ չնչին են, իր դիտարկումներն է փոխանցում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նրա համոզմամբ` հետաքրքրություն առաջացնել պետք է ոչ միայն վանքերով, այլև հարմարավետ հյուրանոցներով, մատչելիությամբ, հարուստ խոհանոցով` դուրս գալով խորովածի, խաշլամայի ու քյաբաբի շրջանակներից։

Հյուրանոցները պետք է զբոսաշրջիկների համար գնային տարբեր առաջարկներ ունենան, բայց չունեն: «Պետք է ընձեռել տեսնելու, համտեսելու, զգալու, լսելու հնարավորություն: Այսինքն ՝ տուրիզմը զարգացնելու համար պետք է նաև մեր օպերան, թատրոնները ներկայացնել»,-ասում է Ադիբեկյանը ու խոսքը շարունակում «բայց…»-ով:

Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, սակայն, Հայաստանի զբոսաշրջային գրավչությունների մասին այլ շեշտադրումներով է խոսում: Որեւէ կերպ չի համաձայնում դիտարկումներին, թե Հայաստանում հանգստանալն ավելի թանկ արժե ու թվարկում է երկար, թե ինչով է մեր երկիրը գրավիչ։

Սոցիոլոգը շեշտում է, որ ոլորտի թվային պատկերը դժվար է ներկայացնել, քանի որ մենք զբոսաշրջիկների թվի իրական, հստակ պատկեր չունենք: 2014թ-ին, օրինակ, Հայաստան է այցելել 1,2 մլն մարդ, սակայն դեռ հարց է՝ նրանք տուրիստ են, թե՞ ոչ: Ադիբեկյանը ճիշտ չի համարում զբոսաշրջիկ համարել ամռանն իրենց հարազատներիին այցելության եկած մեր հայրենակիցներին:

Այժմ նոր հարց էլ կա` ԵՏՄ շրջանակներում՝ ասենք Ռուսաստանից Հայաստան մեկնելը, արտագնա՞, թե՞ արդեն ներգնա տուրիզմ է:

Հարցերն էլ, խնդիրներն էլ քիչ չեն: Արդյունքում՝ ոլորտի հիմնահարցերը շարունակում են իրենց պատասխանին սպասել: Ու ստացվում է, որ զբոսաշրջության հայաստանյան ոլորտի պատասխանատուներն աճ են արձանագրում,  իսկ միջազգային գնահատումներն այլ բանի մասին են խոսում: Ստացվում է, որ միայն Քիմ Քարդաշյանի մի քանի օրվա այցն ավելի շատ բան է տալիս, քան՝ պետական կառույցների տարիների աշխատանքը:

Ցուցադրել ավելի
Back to top button