Հասարակություն

Արմավիրի բուժկենտրոն տեղափոխված երեխաներն ապաքինվում են

Մայիսի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է հոսպիտալացվել 6 երեխա։  Առողջապահության նախարարությանից հայտնում են, որ բոլորի մոտ եղել են նույն ախտանշանները` լուծ, փսխում, ջերմություն և ընդհանուր թուլություն։ Անհրաժեշտ բուժումը կազմակերպվում է պետպատվերի շրջանակում` անվճար։ Երեխաների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Հիվանդների մոտ դիտվում է առողջացման դրական տեղաշարժ։  Երեկ ուշ երեկոյան ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանն այցելել է Արմավիր բժշկական կենտրոն։

Տեղում աշխատանքներ են իրականացրել ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների խումբը` գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանի ղեկավարությամբ, ինչպես նաև Առողջապահական պետական տեսչության մարզային կառույցի ներկայացուցիչները։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է ևս 5 հիվանդ երեխա։

Մասնագետների գնահատմամբ հոսպիտալացված 11 երեխայի վիճակը համեմատաբար բավարար է եղել։ Փոխնախարարը հանձնարարել է իրականացնել բուժօգնության կազմակերպման լրացուցիչ միջոցառումներ։

Այսօր առավոտյան 5 երեխա դուրս է գրվել հիվանդանոցից։

Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում կանխագելիչ աշխատանքները և բակային համայցերն այսօր շարունակվում են։

Ցուցադրել ավելի
Back to top button