Հասարակություն

Աշխատանքային գրքույկն այլեւս պետք չէ՞

lusinevasilyan

Կառավարությունն առաջարկում է  հրաժարվել աշխատանքային գրքույկի կիրառությունից: Առաջարկը ներառված է աշխատանքային օրենսգրքում  նախատեսվող փոփոխություների նախագծում, որն արդեն արժանացել է կառավարության հավանությանը և ներկայացվել խորհրդարան:  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանն այսօր  ներկայացրել է ոչ միայն աշխատանքային գրքույկին վերաբերող, այլ նաև մյուս փոփոխությունները։

Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները մշակվել ու քննարկվել են մոտ 2 տարի, դրանցով կառավարությունը փորձում է լուծել 2 հիմնական խնդիր. իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները, նաև օրենսգրքի որոշ դրույթներ համապատասխանեցնել միջազգային կոնվենցիաների և վերանայված Սոցիալական խարտիայի դրույթներին:

Փոփոխություններից մեկով առաջարկվում է կիրառությունից հանել աշխատանքային գրքույկները: Սա նշանակում է, որ փոփոխության ընդունման դեպքում աշխատանքի ընդունվողը պարտավոր չի լինելու  ներկայացնել աշխատանքային գրքույկը, իսկ գործատուն էլ պարտավորություն չի ունենա վարել այն:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը կառավարության այս առաջարկը հիմնավորում է անձնավորված հաշվառման համակարգի առկայությամբ։ «Քանի որ էլեկտրոնային տարբերակով այդ համակարգն առկա է, տվյալները  վարվում են համապատասխան  մարմնի կողմից, ստացվում է, որ գրքույկը որպես այդպիսին ավելորդ է»։

Ըստ Թադևոս Ավետիսյանի՝ ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը, աշխատանքային գրքույկի  ինստիտուտը գործում է քիչ երկրներում: Իսկ   նպատակը գործատուի և աշխատողի հարաբերությունները թեթևացնելն է: Արդյո°ք թեթեևանում է աշխատողի գործը, եթե  իր աշխատանքային կենսագրության մասին տվյալները նախկինում գրքույկի մեջ էին, իսկ այժմ դրանք ունենալու համար նա պարտավոր է դիմել լիազոր մարմնին ու ստանալ դրանք:   Կամ պարզապես՝ անհրաժեշտության դեպքում ո՞վ և  ինչպե՞ս է  տրամադրելու դրանք: «Տրամադրելու այդ համակարգը վարող լիազոր մարմինը, թե ինչ ընթացակարգով, օրենքի ընդունումից հետո կորոշի կառավարությունը»:

Առայժմ պարզ չէ՝ դրանք հասանելի կլինե՞ն էլեկտորնային տարբերակով, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա  կառավարության ներկայացուցիչը այդ առումով անհանգստության պատճառներ չի տեսնում։

Փոփոխություններից մյուսն էլ  վերաբերում է  մասնագիտական ստաժին:  Կառավարությունը հստակեցրել է սահմանումը, քանի որ դա կարևոր է  հետագայում կարիերան ձևավորելու, նաև աշխատանքային տարի հասկացությունը ճշտելու համար,  որից կախված է կենսաթոշակը և աշխատանքային այլ հարաբերություններ:

«Հստակ սահմանվել է, որ մասնագիտական աշխատանքային ստաժը մասնագիտական որակավորում ստանալուց հետո այդ մասնագիտությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ժամանակահատվածն է»:

Նախատեսվում է նաև, որ փորձաշրջան չի սահմանվի գործատուի մոտ ուսուցում անցած անձանց համար։ Այսինքն՝ եթե ուսանողը կամ աշխատաշուկա  առաջին անգամ մուտք գործած երիտասարդն  արդեն իսկ անցել է ուսուցում կոնկրետ որևէ աշխատավայրում, ապա այդտեղ աշխատելու համար փորձաշրջան չի պահանջվելու:

Կառավարությունը նաև այլ փոփոխություններ է առաջակում, մասնավորապես՝ լրացնել աշխատանքային պայմանագրի էական պայմանների շարքը: Առաջարկվում է աշխատանքային պայմանագրում ներառել  փորձաշրջանի պայմանները, ամենամյան արձակուրդի տեսակն ու տևողությունը: Սա, ըստ գործադիրի, ավելի հստակ կդարձնի գործատու- աշխատող փոխհարաբերություններն ու կբացառի տարընթերցումները։

Հետաքրքիր կարգավորումներից մեկն էլ մինչև 14 տարեկան երեխաների աշխատանքին վերաբերող փոփոխություններն են: Մինչ այժմ այս հատվածը օրենսդրորեն կանոնակարգված չի եղել:

Կառավարությունն առաջարկում է օրենսգրքում ամրագրել, որ մինչև 14 տարեկան երեխաների աշխատանքը հնարավոր է որոշակի  ոլորտներում, որոշակի պայմաններով: «Նախագծով առաջարկվում է շատ հստակ կարգավորում, թե երեխաները որ ոլորտում կարող են աշխատել՝ կրկես, սպորտ, հեռուստատեսություն, նաև տրվում է աշխատաժամանակի կարգավորումը, նաև այն, թե ովքեր են կնքելու նրանց փոխարեն պայմանագրերը»,- ասում է Թադեւոս Ավեստիսյանը։

Փոփոխությունները, ի դեպ, ներկայացվել են խորհրդարան , բայց դեռ քննարկման փուլ չեն մտել: Կառավարությունը նախագիծը ներկայացրել է նաև Աշխատանքի միջազգային կոմիտե: Փորձաքննության արդյուքներին դեռ սպասում են:

 

Back to top button