Տնտեսական

«Խոպանչիների» օրենքի խորհրդարանական ուժերի ոչ խորհրդարանական քննարկումները

lianaeghiazaryan

Հարկային օրենսդրության փոփոխությունները և աշխատանքային միգրանտներին հարկելու խնդիրը շարունակում է մնալ թեժ քննարկումների առանցքում: Դրա վերաբերյալ կարծիքները չափազանց բազմաբեւեռ են: Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի շուրջ քննարկումներն արդեն դուրս են խորհրդարանի շրջանակներից ու հասել են մամուլ ակումբներ` ամենատարբեր ձեւաչափերով: ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ  եւ ՀԿ ներկայացուցիչների դիտարկումների բախումը «Ռադիոլուրի անդրադարձում»։

Ո՞ւր են տանում, ո՞ւմ են ձեռնտու եւ, ինչ վերջո, ի՞նչ են ենթադրում «Եկամտային հարկի» եւ «Շահութահարկի մասին» օրենքների փոփոխությունները: Մինչ ՀՀԿ-ական թեւում փորձում են բացատրել օրենքի տված նոր հնարավորությունները, ՀԱԿ-ում սա որակում են որպես մութ օրենք, որը փորձ արվեց շատ հապճեպ ընդունել:

Առավել, այսպես ասենք, միջանկյալ դիրքերում է ՀՅԴ-ն: Օրենքը, ասում է Արծվիկ Մինասյանը, արտագաղթի ավելացման հետ կապ չունի, բայց այն էլ կառավարության անպատասխանատու վարքի պատճառով ճիշտ չներկայացվեց: ԲՀԿ-ն էլ իր հարցերն է բարձրացնում ու կառավարությունից պահանջում դրանց պատասխանները:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Վարդան Այվազյանը շեշտում է` խոսքը ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունների մասին է, որոնք ձեւավորվել են Հայաստանում եւ որոնք կարողանում են դրսում կազմակերպել աշխատանք: «Մենք ասում ենք` եկամտահարկը հավասարեցնում ենք, իսկ շահութահարկը` իջեցնում» հիշեցրեց ու շեշտեց՝ ՌԴ հետ մեր ունեցած երկկողմ հարկումը բացառելու մասին համաձայնագիրն է սա թույլ տալիս:

Այվազյանը շեշտում է նաեւ` խոսքը ոչ թե մարդկանց, այլ կազմակերպությունների մասին է, որոնց թիվը դեռ պետք է հաշվարկվի: Բայց « բիզնեսն ինքն է իրավասու որոշում կայացնել, որեւէ պարտադրանք չկա»։

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նախ չի ընդունում խոպանչի բառը, ինչը երբեմն կիրառվում է այսօր: Հետո արձանագրում է` արտագնա համաքաղաքացիներին սա  չի վերաբերում. խնդիր թիվ մեկ: Խնդիր թիվ երկու` Հայաստանը փորձում է իր համախառն ներքին արդյունքի մի մասն ստեղծել դրսում, որն իրականում համախառն ներքին ազգային արդյունք է:  Օրենքը, նկատում է Մելքումյանը, մասամբ համահարթեցնում է եկամտային 13 տոկոսը, բայց մարդիկ հարց են տալիս` իսկ սոցապահովագրությո՞ւնը, սոցվճարնե՞րը: Ժամանակավոր  աշխատողները չեն վճարում դրանք, ասում է Մելքումյանը:

Արդյո՞ք սա խթանում է արտագաղթը: Հայաստանում շինարարությունն արդեն տարիներ ի վեր անկումային վիճակում է։ Այսինքն, ըստ ԲՀԿ-ական պատգամավորի, այս մարդիկ այսպես թե այնպես գնում էին աշխատելու: Բայց Մելքումյանը նաեւ սեփական հարցերն է բարձրացնում, որոնք այս օրենքի բերումով իրեն էլ են մտահոգում։ «Ի՞նչ ակնկալիք ունի բյուջեն, քանի՞ կազմակերպություն կարող է մտնել շուկա եւ ի՞նչ շրջանառությամբ: Բայց կառավարությունը պատրաստ չէ այս հարցերին, այնինչ՝ դրանք պետք է ամբողջապես ներկայացվեն»:

Հասարակությունը վրդովմունքով ընդունեց այս օրենքը, քանի որ կառավարության անպատասխանատու վարքի պատճառով դրա նախագիծը սխալ, հապճեպ ու ոչ լիարժեք ներկայացվեց, իսկ մինչեւ ԱԺ բերելը չանցավ անհրաժեշտ ընթացակարգեր, չներկայացվեց հանրային քննարկման, շեշտում է Արծվիկ Մինասյանը: Դաշնակցական պատգամավորը վստահ է` միգրացիայի վերաբերյալ պետք է քաղաքականություն մշակվի, իսկ այս նախագիծը  որոշակի առնչություն ունի դրա հետ: Մյուս կողմից էլ՝ դա շինծառայությունների մասով ՀՀ-ից արտահանմանն է առնչվում, ինչը մեր տնտեսական քաղաքականության կարեւոր մասերից մեկն է: Ուստի՝ տնտեսագետներին ոչ հարիր մեկնաբանություններ, ըստ տնտեսագետի, պետք չեն:

Մինասյանը շեշտը դնում է այն հարցի վրա, որ փոփոխվում է հայաստանյան ռեզիդենտ կազմակերպությունների գործունեության հարկման քաղաքականությունը: Բացառապես Հայաստանի ռեզիդենտների համար է սահմանվում եկամտային հարկի 13 տոկոսի արտոնությունը:

Այս օրենքը չի աշխատելու, քանի որ այն դեմ է գնում ուրիշ երկրի, մասնավորապես՝ Ռուսաստանի շահերին, Ճնշումներ կլինեն դրսից: Այս համոզմանն է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Եթե լավ օրենք է, ասում է, ինչո՞ւ են մամուլն ու հասարակությունն այսպես եռում, ասում է Մանուկյանն ու բազմաթիվ ռիսկեր տեսնում օրենքի ետեւում: «Օրենքը լուրջ վտանգներ ունի:Այն, որ ԱԺ-ն օրենքի խախտումով ընդունեց օրենքը, դրա մասին է վկայում: Այս օրենքի նախագիծը կառավարության արտահերթ նիստ կազմակերպելու օրակարգում չկար, բերել են մեկ օր առաջ` նպատակ ունենալով շատ հապճեպ ընդունել»:

Ռուսաստանի տարբեր փորձագետներ արդեն հայտարարում են, որ սա ՌԴ օրենսդրության կոպիտ խախտում է, կարող է վատ անդրադառնալ ԵՏՄ շրջանակներում գործակցության վրա, հասկանում են, որ սա բյուջետային սղության խնդիր է, բայց միաժամանակ շեշտում են, որ Հայաստանն իր այս քայլով խարխլում է ԵՏՄ հետ իր գործակցության հիմքերը: Սրա արձագանքը դեռ հետո կլսվի, ասում է ու շեշտում` ճիշտ քայլը կլինի միգրացիայի դեմ պայքարելը, այնինչ՝ մեր իշխանությունը գնում է ճիշտ հակառակ ուղղությամբ:

Հասարակության մեջ կա մի շերտ, որն ուզում է գնալ, բայց ռիսկեր ունի, ընտանիքի խնդիր ունի, իսկ այժմ նրանք էլ կգնան: Այսինքն` արտագաղթը ավելանալու է: Ո՞ւմ համար է օրենքը. խոշոր հայ գործարարների, Ռուսաստանի հայերի, որոնք կազմակերպելու են մարդկանց արտագաղթը, վստահ է Մանուկյանը: Իհարկե, լավ է, որ դրսից գումար կգա Հայաստան, բայց գնացողների մի մասն այլեւս ետ չի գա:

Արամ Մանուկյանի վերջին դիտարկմանը Արծվիկ Մինասյանն է հակադարձում: «Սա արտագաղթի հետ կապ չունի, ուրիշ ի՞նչ ուզում եք ասեք, բայց՝ ոչ սա: Սա անհատների հետ կապ չունի, կապ ունի միայն ռեզիդենտ կազմակերպությունների հետ»:

Մանուկյանի մյուս դիտարկման հետ էլ Վարդան Այվազյանը համաձայն չէ: Չի հերքում, որ որոշակի հիմնավորումներ թվերի տեսքով իրոք բացակայում են, բայց շեշտում է` օրենքն իրականում կարեւոր է, անկախ ինչ կառույցների կանդամագրվենք:

Ցուցադրել ավելի
Back to top button